երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ժնևում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Ժնևում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Ժնևում սկսվել են ռուս-ամերիկյան բանակցությունները անվտանգության երաշխիքների շուրջ,  հայտնում է РИА Новости-ն։ Հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով՝ ՄԱԿ-ի գրասենյակում ամերիկյան մշտական ներկայացուցչության տարածքում։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում են փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, ամերիկյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը։
 
Ըստ գործակալության՝ նախօրեին կողմերը նախնական բանակցություններ են անցկացրել աշխատանքային ընթրիքի ձևաչափով։ Ռյաբկովի խոսքերով՝ զրույցը բարդ է եղել, բայց գործնական։
 
Ակնկալվում է, որ քննարկման գլխավոր հարցը կլինի պայմանագրի նախագիծը, որը Ռուսաստանը դեկտեմբերի կեսերին ուղարկել էր ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին: Մասնավորապես, այն ներառում է դրույթներ միմյանց հասանելիության գոտում միջին և փոքր հեռահարության հրթիռների փոխադարձ չտեղակայման, նախկին խորհրդային հանրապետությունների հաշվին ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելու և զորավարժությունների թվի կրճատման մասին։
 
Վաշինգտոնը դեռ խորհրդակցությունների մեկնարկից առաջ էր հայտարարել, որ ռուսական առաջարկներից մի քանիսն անընդունելի են իրենց համար։
 
Անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները կանցկացվեն երեք փուլով․ Ժնևում հանդիպումից երկու օր անց՝ հունվարի 12-ին, Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը, իսկ հաջորդ օրը՝ ԵԱՀԿ-ի խորհրդակցություններ Վիեննայի հարթակում։

  • Կիսվել: