Նախարարը հիմնավոր չի համարում յուրաքանչյուր ողբերգական դեպքից հետո որևէ պաշտոնյայի հրաժարականը ինքնաբերաբար պահանջելու մոտեցումը
Ներքին գործերի նախարարության համակարգում պաշտոնից ազատելու որոշումներ ընդունվում են, երբ արձանագրվում է ծառայողի մեղավորությունը կամ աշխատանքի ոչ պատշաճ կազմակերպումը։
Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ճանապարհատրանսպորտային պատահարների համատեքստում քաղաքական պատասխանատվության և հնարավոր պաշտոնանկությունների վերաբերյալ հարցին։
Նախարարը հիմնավոր չի համարում յուրաքանչյուր ողբերգական դեպքից հետո որևէ պաշտոնյայի հրաժարականը ինքնաբերաբար պահանջելու մոտեցումը։
«Եթե տեսնում ենք, որ իրականում ծառայողի մեղավորությունը կա կամ գործընթացները լավ չեն կազմակերպվում, այդ դեպքում գործ ունենք պաշտոնից ազատման գործընթացի հետ։ Բայց գլոբալ, եթե մենք ասենք, որ ինչ-որ մի դեպք տեղի ունեցավ, դրա համար ավտոմատ ինչ-որ մեկը պիտի հրաժարական տա, ես կարծում եմ, որ դա լավ ժանրի խոսակցություն չէ»,- նշել է Սարգսյանը։
Նախարարը պնդել է, որ պատասխանատվության հարցերի կողքին պետք է դիտարկել նաև ծառայողների աշխատանքի դրական արդյունքներն ու խրախուսման անհրաժեշտությունը։
«Դուք միայն պատասխանատվության մասին եք խոսում։ Եթե դուք հրաժարականի կամ պաշտոնանկության հարց եք բարձրացնում, պիտի նաև բարձրաձայնեք խրախուսման մասին»,- ասել է նա։
Սարգսյանի գնահատմամբ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի ու վիրավորների թվի նվազման գործում զգալի դեր ունի պարեկային ծառայության աշխատանքը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ցանկացած ողբերգական դեպք պահանջում է հետևություններ՝ անկախ ընդհանուր վիճակագրությունից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Ապարան-Աշատարակ ավտոճանապարհին միմյանց բախվել 4 ավտոմեքենա, որի հետևանքով 9 մարդ մահացել էր։



