շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ժամանակ»․ Ալիևը դեմ է եվրաինտեգրացմանը

«Ժամանակ»․ Ալիևը դեմ է եվրաինտեգրացմանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվի պետհամալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում հայտարարել է, որ դեմ է եվրաինտեգրացմանը: Ալիեւը հայտարարել է, որ չեն կարող ինտեգրվել նրանց հետո, ովքեր տարբերություն չեն դնում կնոջ ու տղամարդու միջեւ, քանի որ իրենք կառուցում են ավանդական արժեքների վրա հիմնված պետություն:

Ալիեւը խոսել է մեծի խոսքը փոքրերի լսելու մասին, խոսել կանանց պաշտպանելու, բայց ոչ թե տղամարդու եւ կնոջ միջեւ տարբերություն չդնելու մասին: Ադրբեջանի նախագահը փաստորեն հրաժարվում է Եվրոպայից, կամ փորձում Եվրոպայի հետ թանկ առեւտուր սկսել: Նրա ելույթում հատկանշական է, իհարկե, ընդհանուր տրենդը, որ կարող է շատ ասոցիացիաներ առաջացնել հայաստանյան մի շարք քաղաքական ուժերի գործունեության եւ Հայաստանում բարձրացրած խնդիրների հետ:

Եթե Ալիեւի ելույթից հանենք Ադրբեջան բառերը, փոխենք կամ ծածկենք Ալիեւի դեմքը, ապա նրա ելույթը շատ հանգիստ կարող է տեղադրվել, օրինակ, Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, կամ, ասենք, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ այս ամիսներին, շաբաթներին կամ օրերին հնչող ելույթներից որեւէ մեկի փոխարեն, եւ տարբերություն կարող է բացարձակապես չնկատվել:

Այդ հանգամանքը իսկապես հետաքրքիր է: Եվ, իհարկե, ամենեւին ոչ այն պարզունակ դիտարկման համատեքստում, թե մի բան, որ կրկնում է Ալիեւը, ինքնին վարկաբեկվում է Հայաստանում շոշափելու դեպքում: Խնդիրն այլ է, որ Ալիեւը գործնականում կարող է մի կողմից թանկ առեւտրի պատրաստվել Եվրոպայի հետ, մյուս կողմից՝ հնարավոր է ոչ պակաս թանկ առաջարկ է անում ռուսական քաղաքականության այն շրջանակներին, որոնք փորձում են Կովկասում ստատուս-քվոյի պահպանությամբ պահպանել Ռուսաստանում իշխանական եւ քաղաքական ստատուս քվոն:

Ալիեւի հայտարարությունները հետաքրքրության արժանի են այդ լայն քաղաքական համատեքստում, որպես որոշակի տրենդային ազդակներ: Առավել եւս, որ դա, իր հերթին, բավականին պարզորոշ ցույց է տալիս տեղի ունեցող գործընթացների խորքային էությունը, որոնց հանգրվանային կամ հանգուցային կետ էր Հայաստանում թավշյա հեղափոխությունը:

Հայաստանյան թավշյա հեղափոխության, ռուսական միջավայրում տեղի ունեցող խորքային միտումների եւ միջազգային զարգացումների համատեքստում Ադրբեջանի նախագահը եւ նրա շուրջ ձեւավորված համակարգը գործնականում կանգնած են Հայաստանում մոտ քառորդ դար իշխած համակարգից հետո ռեգիոնում երկրորդ մերժվածը՝ այս դեպքում արդեն լայն աշխարհաքաղաքական համատեքստում մերժվածը դառնալու հեռանկարի առաջ»:

  • Կիսվել: