Զելենսկին բարձր է գնահատել Բունդեսթագի ընտրություններում հաղթած Ֆրիդրիխ Մերցի աջակցությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «արդյունավետ» զրույց է ունեցել Բունդեսթագի ընտրություններում հաղթած Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդի հետ, որը խոստացել է աջակցել Ուկրաինային։ Այս մասին Զելենսկին գրել է իր թվիթերյան էջում:
«Ես արդյունավետ զրույց ունեցա Բունդեսթագի ընտրություններում հաղթած ՔԴՄ կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի հետ։ Մենք պայմանավորվել ենք մեր դիրքորոշումների շուրջ, և ես բարձր եմ գնահատում նրա աջակցությունը»,-նշել է նա:
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան բարձր է գնահատում եվրոպական անվտանգությունը վերականգնելու և մարդկանց կյանքը պաշտպանելու Գերմանիայի ջանքերը։
«Մենք հիշում ենք, որ Գերմանիան Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման առաջատարն է և վճռորոշ դեր է խաղում մեր ֆինանսական կայունության ապահովման գործում։ Ֆրիդրիխ Մերցի հետ պայմանավորվել ենք հետագա համագործակցության և շփումների շուրջ»,-հավելել է նա: