կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ընտրական գործընթացի օբյեկտիվությունը պատշաճ կերպով երաշխավորված չէր. միջազգային դիտորդները՝ Բելառուսում խորհրդարանական ընտրությունների

Ընտրական գործընթացի օբյեկտիվությունը պատշաճ կերպով երաշխավորված չէր. միջազգային դիտորդները՝ Բելառուսում խորհրդարանական ընտրությունների

«Հիմնական ազատությունները չէին պահպանվում, իսկ ընտրական գործընթացի օբյեկտիվությունը պատշաճ կերպով երաշխավորված չէր Բելառուսում խորհրդարանական արտահերթ ընտրություններում, չնայած գրանցված թեկնածուների թվի աճին»,-այս մասին հայտարարել են Բելառուսում խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդները, տեղեկացնում է DW-ն:

Դիտորդներն իրենց եզրահանգումները ներկայացրել են Բելառուսում նոյեմբերի 17-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իրենց նախնական զեկույցում։

Այսօր Մինսկում ԵԱՀԿ հատուկ համակարգող Մարգարետ Սեդերֆելդը հայտարարել է, որ ընտրություններն անցել են հանգիստ պայմաններում, սակայն չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային կարեւոր չափանիշներին։ Ըստ նրա՝ դիտորդները նշել են ինքնարտահայտման, հավաքների եւ ասոցիացիաների հիմնարար ազատությունների ընդհանուր անտեսման մասին։ Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեծ թվով թեկնածուներ, սակայն նրանց մասնակցությունը սահմանափակվել է։

ԵԱՀԿ ներկայացուցչի կարծիքով՝ այս ընտրությունները ցույց են տվել «ժողովրդավարական պարտավորությունների պահպանման լիակատար բացակայություն»։

Սեդերֆելդն ասել է. «Պետության մեջ, որտեղ խորհրդարանի իրավասություններն ու անկախությունը սահմանափակ են, և ինչպես ընտրողների, այնպես էլ թեկնածուների հիմնարար ազատությունները ճնշվում են, վտանգ կա, որ խորհրդարանական ընտրությունները կարող են ձեւականության վերածվել» ։

ԵԱՀԿ ներկայացուցիչները եկել են այն եզրակացության, որ Բելառուսի իրավական բազան ժողովրդավարական ընտրություններ չի երաշխավորում։ Թեև նրանք նշել են, որ անցյալ ընտրություններից հետո դրսեւորվել են ընտրական օրենսգիրքը փոխելու որոշակի ջանքեր, սակայն բելառուսական իշխանությունը չի արել որեւէ կոնկրետ քայլ։

 

  • Կիսվել: