կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Վրաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա

Վրաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա

 Վրաստանը հրավեր կստանա հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն։

«Վրաստանը հզոր գործընկեր է, որի հետ ՆԱՏՕ-ն երկարամյա հարաբերություններ ունի», — ասել է Ջեոանեն, գրում է Aliq.ge-ն։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է երկրների՝ սեփական ճանապարհն ընտրելու իրավունքը։

«Բաց դռների քաղաքականությունը մնում է կարևոր ՆԱՏՕ-ի համար, և կարող եմ ասել, որ Վրաստանը շատ կարևոր գործընկեր է։ Մենք տեսնում ենք Սև ծովի շրջափակումը, Ուկրաինայի տնտեսությունը խեղդելու և աշխարհի այլ մասերում պարենային անվտանգության խնդիրներ ստեղծելու ռուսական փորձերը»,- ասել է Ջեոանեն՝ պատասխանելով Վրաստանի լրատվամիջոցների հարցին։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պաշտպանել էր Վրաստանի և Ուկրաինայի առաջնորդների՝ Մադրիդում դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու գաղափարը։ Համապատասխան հայտարարությունն արել է գլխավոր քարտուղարը իսպանական La Vanguardia թերթին տված հարցազրույցում։

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել 2022 թվականի հունիսի 29-30-ը Մադրիդում։ Ակնկալվում է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն ՆԱՏՕ-2030 ծրագրի իրականացման հնարավորությունները, որի նպատակն է կանխել ապագա սպառնալիքները, այդ թվում՝ «ռուսական ագրեսիան»:

  • Կիսվել: