կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանում կապիկի ծաղկի մեկ հավանական դեպք է հետազոտվում

Վրաստանում կապիկի ծաղկի մեկ հավանական դեպք է հետազոտվում

Վրաստանում կապիկի ծաղիկ  հիվանդության մեկ հավանական դեպք է հետազոտվում։ Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։

Նրա խոսքով, բացի նշված դեպքից, հետազոտվում էր նաև կապիկի ծաղիկի մեկ այլ հավանական դեպք, սակայն վարակը չի հաստատվել, գրում է Aliq.ge-ն։

«Ինչպես գիտեք, մայիսի կեսերից ուժեղացել է այս և այլ հիվանդությունների նկատմամբ մեր վերահսկողությունը։ Կապիկի ծաղիկի հիմնական ախտանիշներից մեկը ցանն է, որն առկա է այժմ հետազոտվող մարդու մոտ։ Նման դեպք արդեն եղել է, սակայն պատասխանը բացասական էր։ Սա արդեն երկրորդն է, որն ուսումնասիրության փուլում է»,- ասել է Գամկղրելիձեն։

Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:

Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։

Հայտնի է, որ «կապիկի ծաղիկը» փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է «կապիկի ծաղիկի» կանխարգելումը:

  • Կիսվել: