չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Վրաստանում իրավաբանական հարցերի կոմիտեն պաշտպանել է երրորդ ընթերցմամբ «օտար գործակալների» մասին օրինագիծը

Վրաստանում իրավաբանական հարցերի կոմիտեն պաշտպանել է երրորդ ընթերցմամբ «օտար գործակալների» մասին օրինագիծը

Վրաստանում իրավաբանական հարցերի խորհրդարանական կոմիտեն երրորդ ընթերցմամբ դիտարկել է «Օտարերկրյա ազդեցության մասին» օրինագիծը եւ պաշտպանել այն։ Որոշումն ընդունվել է մի քանի րոպե առաջ, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։

Օրինագիծը նախատեսում  է «թափանցիկության ապահովման նպատակով»  որպես օտարերկրյա ուժի շահերն իրականացնող կազմակերպություններ գրանցել այնպիսիներին, ինչպիսին են ոչ ձեռնարկատիրական (ոչ առեւտրային) իրավաբանական անձինք եւ զանգվածային լրատվամիջոցները, որոնց եկամուտների որոշակի մասը, մասնավորապես՝ ավելի քան 20 տոկոսը, ստացվել է արտասահմանից։

 Նախագծի համաձայն՝ «օտարերկրյա ուժի շահեր իրականացնող բոլոր կազմակերպությունները» պարտադիր պետք է գրանցվեն տվյալների համանուն շտեմարանի հանրային ռեեստրում։ Միեւնույն ժամանակ, կազմակերպությունները պետք է անպայման ամեն տարի ֆինանսական հայտարարագիր լրացնեն։
 

Օրինագիծը, նպատակ ունենալով «պարզել օտարերկրյա ուժի շահերն իրականացնող կազմակերպությանը», արդարադատության նախարարությանն օժտում է ցանկացած ժամանակ հետազոտություն կատարելու եւ հարցի վերահսկում-մոնիթորինգ իրականացնելու լիազորությամբ։

Նույն օրինագծի համաձայն՝ մոնիթորինգ սկսելու հիմք կդառնան արդարադատության նախարարության լիազոր անձի որոշումը եւ արդարադատության նախարարություն ներկայացված համապատասխան գրավոր հայտարարությունը։

Որպես օտարերկրյա ուժի շահերն իրականացնող կազմակերպություն գրանցվելուց խուսափելու կամ հայտարարագիր չլրացնելու համար կազմակերպությունը կտուգանվի 25 հազար լարիի չափով։ Օրինագիծը նաեւ նախատեսում է տուգանքների հետեւյալ տեսակները. եթե կազմակերպությունը ներկայացվելուց հետո չի լրացնի հայտը արդարադատության նախարարության կայքում 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 10 հազար լարի, օրենքով չնախատեսված իրավախախտման դեպքում, մեկ ամիս հետո՝ 20 հազար լարի։

Հանրահավաքի մասնակիցները աղմուկով են դիմավորել պատգամավորների որոշումը։ Մասնավորապես, Չիտաձեի փողոցում ցուցարարները վանկարկել են՝ «ռուսներ»։

  • Կիսվել: