չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Վրաստանի ընդդիմությունն ու իշխանությունը համաձայնության չեն հասել. սպասվում է ևս մեկ հանդիպում

Վրաստանի ընդդիմությունն ու իշխանությունը համաձայնության չեն հասել. սպասվում է ևս մեկ հանդիպում

Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը մի քանի ժամ տևած իշխանության և ընդդիմության հանդիպումն ավարտվեց: Հանդիպումից հետո կողմերը լրագրողներին տեղեկացրին, որ տեղի է ունեցել մի քանի հարցերի շուրջ քննարկում, ինչի մասին, պայմանավորվածությունից ելնելով, չեն կարող բարձրաձայնել: Բանակցող կողմերի հայտարարությամբ՝ հավանաբար վաղը տեղի կունենա ևս մեկ՝ 4-րդ հանդիպումը, որի ընթացքում վերջնական որոշում կկայացվի, գրում է aliq.ge-ն:

Հանդիպումից հետո ընդդիմության առաջնորդները նորից նշեցին, որ չեն պատրաստվում ընդունել մանդատները և մտնել խորհրդարան: Նրանց խոսքով՝ հիմնական պահանջը կրկին մնում է արտահերթ ընտրությունների անցկացումն ու նոր ԿԸՀ-ի ձևավորումը:

Ինչ վերաբերում է «Վրացական երազանք» կուսակցությանը՝ խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխող թիմը չի քննարկում որևէ նոր ընտրություններ, կամ դրանց հետ կապված որևէ հանրաքվե:

Հիշեցնենք՝ Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանների միջնորդությամբ արդեն երեք անգամ հանդիպել են և քննարկել հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների շուրջ ունեցած տարաձայնությունները:

Ընտրական շեմը հաղթահարած բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են մուտք գործել խորհրդարան:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների համամասնական ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Եվրոպական Վրաստան» — 3,79%, 5 մանդատ,
«Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» — 27,18%, 36 մանդատ,
«Հայրենասերների դաշինք» — 3,14%, 4 մանդատ,
«Լեյբորիստական ​​կուսակցություն» — 1%, 1 մանդատ,
«Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» — 1,33%, 2 մանդատ,
«Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարության» — 3,15%, 4 մանդատ,
«Գիրչի» — 2,89%, 4 մանդատ,
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» — 48,22%, 60 մանդատ,
«Լելո» — 3,15%, 4 մանդատ:
Վրաստանի բոլոր 30 մեծամասնական շրջաններում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները: Կուսակցությունը 10-րդ գումարման խորհրդարանում կունենա 90 պատգամավոր:

 

  • Կիսվել: