հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վրաստանի առաջին նախագահի որդին նշանակվել է Ազգային խորհրդարանի գրադարանի տնօրեն

Վրաստանի առաջին նախագահի որդին նշանակվել է Ազգային խորհրդարանի գրադարանի տնօրեն

Վրաստանի առաջին նախագահի որդին՝ Կոնստանտին Գամսախուրդիան, նշանակվել է Ազգային խորհրդարանի գրադարանի տնօրեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Նոր տնօրենին խորհրդարանի գրադարանի աշխատակիցներին է ներկայացրել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ինչպես Պապուաշվիլին է նշել իր ֆեյսբուքյան էջում, Գամսախուրդիան աշխատակիցներին է ներկայացրել  գրադարանի զարգացման իր տեսլականը, ինչպես նաև քննարկել ընթացիկ նախագծերն ու ապագայի ծրագրերը։

Վրացական լրատվամիջոցը նշում է, որ գրադարանի նախկին տնօրեն Գեորգի Կեկելիձեն, որն այն ղեկավարել է վերջին 11 տարիներին և հունվարի սկզբին անսպասելիորեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ներկա չի եղել։

Ընդգծվում է, որ Կեկելիձեն բազմիցս քննադատել է իշխանություններին և աջակցել հակակառավարական ցույցերի մասնակիցներին։

Միաժամանակ, Վրաստանի խորհրդարանի խոսնակը պնդում է, որ Կեկելիձեին պաշտոնանկ անելու որոշումը քաղաքականության հետ կապ չունի։

Վրաստանի առաջին նախագահի որդին՝ Կոնստանտին Գամսախուրդիան, մինչև 2011 թվականը եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր և եղել է երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարության հակառակորդը։ Նա հրաժարվել է իր մանդատից՝ Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի երկու գործակալություններում՝ Հեռահաղորդակցության միջազգային միությունում (ITU) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Վրաստանի մշտական ​​ներկայացուցիչ նշանակվելու պատճառով: 2016 թվականին Գամսախուրդիայի «Ազատություն» կուսակցությունը մասնակցել է խորհրդարանական ընտրություններին ռուսամետ «Հայրենասերների դաշինք» կուսակցության հետ դաշինքով։

Անցյալ տարի Գամսախուրդիան մեղադրել է Վրաստանի Ազգային խորհրդարանի գրադարանին իր հոր  կեղծ հարցազրույցները տարածելու մեջ: Ըստ նրա պնդման, սա Վրաստանի առաջին նախագահին  «պարզունակ ազգայնականությամբ եռացող, արմատական ​​ֆանատիկ և լուսանցքային հակաարևմտյան գործիչ » ներկայացնելու  լայնածավալ քարոզարշավի մի մասն է եղել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: