հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Վրացական երազանք»-ը նախատեսում է վերահսկել սոցցանցերը

«Վրացական երազանք»-ը նախատեսում է վերահսկել սոցցանցերը

«Վրացական երազանք»-ից առանձնացած և կեղծ ընդդիմություն դարձած, հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի «Ժողովրդի ուժը» քաղաքական խմբի անդամ Սոզար Սուբարին միակուսակցական խորհրդարանում «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հանդես է եկել սոցիալական ցանցերը կանոնակարգելու նախաձեռնությամբ, գրում է aliq.ge-ն:

Սուբարիի նախաձեռնության արդյունքում, հնարավոր է՝ Վրաստանում սոցցանցերը վերահսկվեն:

«Այսօր, համեմատած հեռուստատեսության և ռադիոյի հետ, սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ հանրային կարծիքի վրա: Կան նաև տեղեկատվության այլ միջոցներ, բայց սոցիալական ցանցերը դեռևս ընդգրկում են ամենամեծ լսարանը և ունեն ամենամեծ ազդեցությունը: Լավ կլիներ, որ այս ոլորտում էլ սկսեինք աշխատել կանոնակարգման ուղղությամբ, որպեսզի պաշտպանված լինեն մարդու արժանապատվությունը, անձնական կյանքը, իսկ մարդկանց պաշտպանելու համար նրանց հասցեին վիրավորանքը պատժվի», — ասել է Սուբարին՝ այս առաջարկով դիմելով իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեին:

Միակուսակցական խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունել են «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունները: Նախագծով ամբողջությամբ արգելվում է օտարերկրյա ֆինանսավորումը, նոր սահմանափակումներ են սահմանվում լրագրողների մասնագիտական ​​գործունեության վրա, խստացվում են վերահսկողությունն ու պատժիչ միջոցները։

Այս օրենսդրական փոփոխություններով Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) իրավունք կունենա քննարկելու հարցեր, որոնք նախկինում եղել են ինքնակարգավորման շրջանակում, և կարող է տուգանել հեռուստատեսություններին ու ռադիոկայաններին։

«Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն ակնհայտորեն հակասում են խոսքի ազատության ոլորտում միջազգային չափանիշներին, նշել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):

  • Կիսվել: