Ուկրաինան օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս չի ճանաչի. Զելենսկի
Ուկրաինան չի ճանաչի տարածքների կորուստը Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման հնարավոր բանակցությունների վերջնարդյունքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կիևն ունի կարմիր գծեր հակամարտության կարգավորման բանակցություններում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինան օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս չի ճանաչի: Դա Ուկրաինայի համար բանակցություններում «կարմիր գիծ» է: Ես՝ որպես նախագահ, և ուկրաինացիները, որպես մեր երկրի քաղաքացիներ, չենք խախտի մեր սահմանադրությունը, այլ պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը՝ պաշտպանելով մեր ժողովրդին և մեր հողը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններում ԱՄՆ-ն բարձրացրել է Ուկրաինայի տարածքային զիջումների հարցը։ Անձամբ Զելենսկին չի հստակեցրել, թե արդյոք այդ թեման քննարկվե՞լ է Սաուդյան Արաբիայի բանակցությունների ժամանակ։ «Կային շատ տարբեր մանրամասներ, որոնք ես չէի ցանկանա քննարկել, քանի որ դրանք վերջնական հայտարարության մեջ չկան»,-ասել է նա: