Ուկրաինան մտադիր է երկու նավթագազային հանքավայրեր փոխանցել ԱՄՆ-ին
Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշել է վերսկսել Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի և Չեռնովցիի մարզերում գտնվող Մեժիհիրյա և Սվիչանսկի հանքավայրերում ածխաջրածինների բաշխման մրցույթները: Այս մասին հայտնել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, տեղեկացնում է РБК-Украина-ն։
Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունվել է ըստ ներդրումային վերականգնման հիմնադրամի ստեղծման մասին ամերիկաուկրաինական համաձայնագրի դրույթների։
«Պայմանները թարմացվել են՝ ամերիկյան գործընկերոջը իրավունք տալով գնել արտադրանքը և երաշխիքով, որ մյուս մասնակիցներին ավելի բարենպաստ պայմաններ չեն առաջարկվի»,-ասել է Ուկրաինայի վարչապետը։
Նա նաև տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարությանը և Պետական երկրաբանության և ընդերքի օգտագործման ծառայությանը հանձնարարել է աուդիտ անցկացնել ռազմավարական նշանակություն ունեցող հանքավայրերի թույլտվություններ ստացած բոլոր ընդերքօգտագործողների մոտ։
«Մենք մտադիր ենք ստուգել՝ ով է իրականում աշխատում, և ով ունի արտոնագրեր՝ առանց արդյունահանման։ Նման օբյեկտները պետք է կամ արդյունք տան, կամ վերադառնան աճուրդի՝ բարեխիղճ ներդրողների համար»,-նշել է նա:
Վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինայի բնական պաշարները պետք է աշխատեն պետության տնտեսության համար։
Մայիսի 1-ին Ուկրաինան և ԱՄՆ-ն ընդերքի պաշարների վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին, որը նախատեսում է ներդրումային հիմնադրամի ստեղծում, և որը կհամալրվի ուկրաինական հանքանյութերի վաճառքով։
Սվիրիդենկոն նշել է, որ փաստաթուղթը Ուկրաինայի համար հիմնական դրույթներ է պարունակում և օգտակար է երկու կողմերի համար։ Միևնույն ժամանակ, ընդերքը մնում է պետության սեփականությունը։
Նրա խոսքով՝ ուկրաինաամերիկյան ներդրումային վերականգնման հիմնադրամը կարող է սկսել աշխատել Գերագույն ռադայի կողմից համաձայնագրի վավերացումից մեկ կամ մեկուկես ամիս անց։


