կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի այսօր առավոտվա ամփոփագրում ասված է, որ Ռուսաստանի բանակը Խարկովի և Դոնեցկի մարզերի ուղղությամբ արձակել է յոթ հակաօդային կառավարվող С-300/С-400 հրթիռ և մեկ Х-59 հրթիռ՝ Պոլտավայի շրջանի ուղղությամբ, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Կիրովոգրադի, Նիկոլաևի, Խարկովի, Խերսոնի, Խմելնիցկու, Վիննիցայի, Կիևի շրջաններում խոցվել է Shahed-131/136 տիպի 27 հարվածային դրոն: Ուկրաինայի մայրաքաղաքն ու Կիևի շրջանը գիշերվա ընթացքում երկու օդային հարձակման են ենթարկվել, Կիևում պայթյուններ են եղել, որոնք առաջացել են մատույցներում ուկրաինական ՀՕՊ-ի աշխատանքի հետևանքով:

Բացի այդ՝ ռուսական ավիահարվածների են ենթարկվել նաև Խմելնիցկու և Վիննիցայի շրջանները։ Խմելնիցկու մարզում, ըստ իշխանությունների, երկու ռուսական դրոն է խոցվել, տուժածներ չկան, Վիննիցայի մարզում մեկ մարդ զոհվել է, ևս չորսը հոսպիտալացվել են: Պայթյունների շարք է որոտացել նաև Օդեսայում:

Ուկրաինայի հարավում գտնվող պաշտպանական ուժերը հայտարարել են, որ քաղաքի վրա հարձակումն իրականացվել է Ղրիմից արձակված «Իսկանդեր-Մ» հրթիռներով: Գնդակոծության հետևանքով 14 մարդ է զոհվել, 46-ը վիրավորվել են։

Իր հերթին Ռուսաստանը հայտնել է, որ անցած գիշեր ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքեր են արձակվել ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ, հարձակումները կատարվել են նաև BM-21 Grad բազմակի արձակման հրթիռային համակարգից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բելգորոդի և Կալուգայի տարածքների վրա խոցել են հինգ անօդաչու թռչող սարք և երկու հրթիռ։

  • Կիսվել: