Ուկրաինական ճգնաժամին վերջ տալու լավագույն ձևն ուղղակիորեն խաղաղության պայմանագիր կնքելն է. Թրամփ
Բոլորը եկել են այն եզրակացության, որ ուկրաինական ճգնաժամին վերջ տալու լավագույն ձևն ուղղակիորեն խաղաղության պայմանագիր կնքելն է, այլ ոչ թե պարզապես հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցությունները։
«Հիանալի և շատ հաջող օր Ալյասկայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ լավ է անցել»,-նշել է նա՝ բնութագրելով Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները:
Թրամփը հավելել է, որ գիշերը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի, ինչպես նաև եվրոպական տարբեր առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Նա ընդգծել է, որ Զելենսկին օգոստոսի 18-ին կժամանի Վաշինգտոն՝ իր հետ բանակցությունների։
«Եթե ամեն ինչ ստացվի, մենք հանդիպում կնշանակենք նախագահ Պուտինի հետ։ Հնարավոր է, որ դա կփրկի միլիոնավոր մարդկանց կյանքեր: Շնորհակալություն այս հարցում ձեր ուշադրության համար»,-ասել է Թրամփը:
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում հսկայական առաջընթաց է գրանցվել։


