հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիան ունի 10 պահանջ, որոնց կատարման դեպքում կհամաձայնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. Sabah

Թուրքիան ունի 10 պահանջ, որոնց կատարման դեպքում կհամաձայնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. Sabah

Թուրքական իշխանությունները կազմել են Շվեդիային և Ֆինլանդիային ուղղված 10 կետանոց պահանջների ցանկ, որոնց կատարման դիմաց Անկարան կարող է վերանայել իրենց վերաբերմունքը սկանդինավյան երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում: Այս մասին գրում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած Sabah թերթը։ 

Հրատարակության համաձայն՝ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է «կողմնորոշվեն» Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) նկատմամբ (Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն) իրենց դիրքորոշման հարցում:

Նրանք պետք է կանխեն ահաբեկչական կառույցների հետ կապված անձանց կողմից իրենց խորհրդարաններում միջոցառումների անցկացումը, դադարեցնեն նյութական օգնությունը Սիրիայում այսպես կոչված «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին», որոնք Անկարան կապում է PKK-ի հետ, արագացնեն ահաբեկիչների հետ կապված անձանց արտահանձնումը Թուրքիա, դադարեցնեն շփումները Իրաքում և Սիրիայում գործող քրդական խմբավորումների ներկայացուցիչների հետ։

Թուրքական կողմը նաև կոչ է անում սկանդինավյան երկու երկրներին խզել կապերը 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձին ներգրավված FETO-ի (ֆեթուլլահիստական ահաբեկչական կազմակերպություն) հետախուզվող անդամների հետ, ինչպես նաև Թուրքիայի ազգային անվտանգության դեմ քայլեր չձեռնարկել, կանոնավոր կապեր և համագործակցություն հաստատել ահաբեկչության դեմ պայքարում, արգելափակել ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված անձանց և կազմակերպությունների բանկային հաշիվները, թույլ չտալ իր տարածքում հակաթուրքական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների գործունեությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ին հայտարարել էր, որ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ կապված այդ երկրների՝ PKK-ի գործունեությանը ներգրավված անձանց արտահանձնելու մերժման, ինչպես նաև «ահաբեկչական կառույցների» վերաբերյալ հստակ դիրքորոշման բացակայության հետ:

Նա խորհուրդ է տվել սկանդինավյան երկրների ներկայացուցիչներին, որոնք մոտ ապագայում պատրաստվում են այցելել Անկարա, որպեսզի համոզեն Թուրքիային ընդունել իրենց Հյուսիսատլանտյան դաշինք, նեղություն չքաշել ու Անկարա չգալ:

  • Կիսվել: