Թուրքիան թույլ չի տա վերաբնակեցնել Գազայի բնակիչներին. Էրդողան
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է պաղեստինցիներին Գազայի հատվածից վերաբնակեցնելու ամերիկյան ծրագրին:
Նա, մասնավորապես, նշելե է. «Մենք վճռականորեն ընդգծել ենք, որ երբեք թույլ չենք տա իրականացնել Իսրայելի կողմից հրահրվող՝ ամերիկյան վարչակազմի անմարդկային, անօրինական ծրագրերը, որոնց նպատակը մեր եղբայրներին Գազայից՝ իրենց հայրենիքից, վտարելն է»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր պաղեստինցիներին Գազայի հատվածից տեղահանելու և հարևան երկրներում վերաբնակեցնելու մասին՝ ընդգծելով, որ Գազայի վերակառուցումից հետո պաղեստինցիները վերադառնալու իրավունք չեն ունենա։