Թուրքիա-Հունաստան հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել
Թուրքիա-Հունաստան հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել այն բանից հետո, երբ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Միացյալ Նահանգների Կոնգրեսում ակնարկել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու տարածաշրջանային ռիսկերի մասին։
Հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի նիստում հայտարարել է, որ չեղարկել են Հունաստանի հետ բարձր մակադարկի ռազմավարական խորհրդի պայմանագիրը, հայտնում է Ermenihaber.am-ը։
«Հունաստանը չի համակերպվելու։ Այս երկրի հետ այլևս երկկողմ հանդիպում չենք անցկացնելու։ Մենք չեղարկեցինք մեր բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի պայմանագիրը»,-նշել էր Թայիփ Էրդողանը։
Ի պատասխան Թուրքիայի նախագահի այս հայտարարությանը՝ Հունաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդրոս Պապաիոանոն հիշեցրել է ՄԱԿ-ին Աթենքի ուղարկած նամակի մասին և շեշտել է, որ Էգեյան ծովի կղզիների մասին Թուրքիայի հայտարարություններն անհիմն են։
Պապաիոանոն նշել է, որ Աթենքի արտաքին քաղաքականությունը հենվում է որոշակի արժեքների, սկզբունքների և միջազգային իրավունքի ու ծովային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։ Վերջինս ընդգծել է, որ չեն մտնելու անձնական քննարկումների դաշտ։
Լարվածության այս պայմաններում Հունաստանի վարչապետը որոշել է այցելել Էգեյան ծովի Ասթիփալայա, Փսերիմոս և Կոս կղզիներ։ Թուրքական մամուլում Միցոտակիսի այդ որոշումը բնորոշվել է որպես պրովոկացիա։