ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրք-ադրբեջանական դիրքերից ռմբակոծում էին քաղաքը, և մեզ հարվածում էր կրակի և մետաղի անձրևը․ Le Monde-ի ծանր վիրավորված լրագրողի գրառումը

Թուրք-ադրբեջանական դիրքերից ռմբակոծում էին քաղաքը, և մեզ հարվածում էր կրակի և մետաղի անձրևը․ Le Monde-ի ծանր վիրավորված լրագրողի գրառումը

Ղարաբաղում վիրավորված Le Monde-ի լրագրողը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն փրկվել: Իր խոսքում ֆրանսիացի լրագրողը գրել է. 

«Անցյալ հինգշաբթի իմ լրագրող գործընկեր Հերմինե Վիրաբյանը, ֆոտոլրագրող Ռաֆայել Յաղոբզադեն և ես լուսաբանում էինք Լեռնային Ղարաբաղում ընթացող դաժան հակամարտությունը առաջնագծից ոչ հեռու՝ Մարտունի քաղաքից:

Կեսօր էր, բնակելի փողոցից լսեցինք «Գրադի» հրթիռների ձայնը, որոնք արձակվում էին մեր ուղղությամբ թուրք-ադրբեջանական դիրքերից: Նրանք ռմբակոծում էին քաղաքը, և մեզ հարվածում էր կրակի և մետաղի անձրևը:

Տեղում մահացավ Մարտունու քաղաքապետարանի աշխատակից Գրիշա Նարինյանը, որը մեզ ցույց էր տալիս ավելի վաղ հարձակումների վայրերը: Նա 28 տարեկան էր:

Ամեն օր մտածում եմ նրա ու նրա ընտանիքի մասին: Գրիշան մահացավ, քանի որ ցանկանում էր, որ արտաքին աշխարհն իմանա, թե ինչի միջով է անցնում իր ժողովուրդը:

Թող նա խաղաղ հանգչի հարվածի հետևանքով զոհված 3 մյուս խաղաղ բնակիչների հետ:

Մեր վարորդ Արմեն Սայանը թեթև է վիրավորվել, բայց դարձյալ պայթյունից գլխացավեր ունի:

Իմ գործընկեր Հերմինեն, որին ես շատ եմ գնահատում, չնայած միասին կարճ ժամանակ ենք աշխատել, բարեբախտաբար, անվնաս է: Իմ ընկեր և գործընկեր Ռաֆայելը վիրավորվել էր գլխի և ոտքի շրջանում:

Եթե ​​ես ճիշտ եմ հասկանում, ինձ խոցել է մոտ տասը բեկոր տարբեր տեղերում: Մի քանիսը որովայնս ծակելով մարմնից դուրս են եկել: Հիմա քայլ առ քայլ, օր օրի վերականգնվում եմ:

Սակայն ես չէի կարողանա գրել այս բառերը, եթե չլիներ մարդկանց հսկայական շղթան, որոնք փրկեցին ինձ Մարտունիում, Ստեփանակերտում, Երևանում և Փարիզում: Նրանց մի մասը հայտնի են, ոմանք իմ ընկերներն են, մյուսներին էլ երբեք չեմ իմանա:

Մարդկանց այս շղթայում կային նաև Մարտունու քաղաքացիներ, որոնք առաջին պահերին որոշիչ դեր խաղացին մեզ անվտանգ վայր հասցնելու համար:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ լրագրող գործընկերներին, որոնք ինձ վերցրին այրված հողից և հասցրին քաղաքի բժշկական կենտրոն: Շնորհակալություն հայտնել իմ մյուս գործընկերներին, որոնք այնտեղ էին և Փարիզին տեղյակ պահեցին իրավիճակի մասին, հատկապես Հերմինեին և Ռեգիս Ժենտեին: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Մարտունու բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց քաղաքի վրա հարձակման ընթացքում ժամանակ գտան փրկելու երկու օտարերկրացիների: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել այն տղամարդկանց, որոնք ինձ Մարտունիից Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխեցին հին շտապօգնության մեքենայով՝ արագությամբ անցնելով ոլորուն ճանապարհներով, նրբանկատորեն խուսափելով հարվածներից:

Ես գիտեմ, թե Ստեփանակերտի հիվանդանոցի աշխատակիցներն ինչ հսկայական աշխատանք են կատարել ինձ փրկելու համար: Ես դեռ չեմ կարողացել ծանոթանալ նրանց բոլորի անուններին, բայց խորապես երախտապարտ եմ նրանցից յուրաքանչյուրին: Ես խորապես երախտապարտ եմ նաև Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ֆրանսիայի իշխանություններին, որոնք ապահովեցին ուղղաթիռով մեր տեղափոխումը Երևան:

Իհարկե, դա հնարավոր չէր լինի առանց նախագահ Մակրոնի, որը հրապարակավ խոսեց մեր գործի մասին և արեց անհնարինը մեզ դուրս բերելու համար, և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնն ամեն ինչ արեց այդ ջանքերը համակարգելու համար, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա ղեկավար Էրիկ Շեվալյեին:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին, դեսպան Ջոնաթան Լաքոտի և առաջին քարտուղար Քլեր լե Ֆլեչերի ղեկավարությամբ, որոնք անխոնջ աշխատում էին հնարավոր լավագույն պայմաններում մեզ տուն հասցնելու համար:

Ես նաև անչափ շնորհակալ եմ Le Monde-ի իմ գործընկերներին, որոնք համակարգեցին բոլոր գործողությունները պատկան մարմինների հետ` մեզ դուրս բերելու համար: Ես այնքան երախտապարտ եմ, որ աշխատում եմ այսպիսի աջակցող խմբի հետ: Շնորհակալ եմ բոլորին իրենց մտքերի և այդ շատ երկար օրերին ցուցաբերած աջակցության ու կատարած աշխատանքի համար:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ժերոմ Ֆենոգլիոյին, Լյուկ Բրոններին, Ալեն Սալեսին, Վալերի Միշեին, Պիոտր Սմոլարին, Իզաբել Մանդրոյին, Մարի Սումալային, Նիկոլաս Խիմենեսին և Հելեն Սալոնին, որոնք շուրջօրյա համակարգում էին աշխատանքը Փարիզից:

Եվ, իհարկե, ես պետք է շատ ջերմ շնորհակալություն հայտնեմ AXA-ի թիմին՝ լոգիստիկա կազմակերպելու համար:

Իսկ հիմա իմ բոլոր ընկերներին. ամբողջ աշխարհից աջակցության ձեր բոլոր ուղերձների, մտքերի, սիրո համար ես անչափ շնորհակալ եմ:

Հենց որ կազդուրվեմ, ժամանակ կգտնեմ պատասխանելու ձեր բոլոր բարի ցանկություններին: Ձեր խոսքերը, նույնիսկ եթե դրանք մի քանի օր մնան անպատասխան, բուժման գործընթացի մեծ մասն են կազմում:

Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր սիրելիներից, հատկապես ընտանիքիցս ու իմ Ռեբեկայից, նրանց մեծ սթրեսի մեջ պահելու համար:

Ես հիմա վերականգնվում եմ բոլորիդ շնորհիվ: Փարիզում La Pitié Salpétriére-ում ինձ խնամում են ամենանվիրված, պրոֆեսիոնալ և բարի բժիշկներն ու բուժքույրերը:

Ամեն օր նոր քայլ է կատարվում իմ լիարժեք վերականգնման ուղղությամբ:

Մի քիչ ժամանակ կպահանջվի, բայց ես գիտեմ, որ դուք ինձ հետ եք:

Ձեր Ալան»:

  • Կիսվել: