Թեհրանը հրադադար չի խնդրել. Իրանը հերքում է Թրամփի պնդումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Իրանը Վաշինգտոնից հրադադար է խնդրել, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Press TV-ն:
Նշվում է, որ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ ամերիկացի առաջնորդի հայտարարությունները «կեղծ են և անհիմն»։
Նշենք, որ չորեքշաբթի ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը հրադադար է խնդրել ԱՄՆ-ից, և Վաշինգտոնը դա կքննարկի միայն այն դեպքում, եթե Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացվի։ Նախագահը հավելել է, որ մինչև այդ հարցի լուծումը ԱՄՆ-ն կշարունակի հրթիռակոծել Իրանը։
Ավելի ուշ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի գործունեության վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն բացառապես Իրանն ու Օմանը:


