հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ճանապարհ դեպի պատասխանատու հանքարդյունաբերություն. Համաշխարհային բանկի հոդվածը` ոլորտում Հայաստանի հաջողությունների մասին

Ճանապարհ դեպի պատասխանատու հանքարդյունաբերություն. Համաշխարհային բանկի հոդվածը` ոլորտում Հայաստանի հաջողությունների մասին

Հանքարդյունաբերությունը հասարակությունների համար տարբեր հարցեր է առաջացնում՝ ի՞նչ օգտակար հանածոներ են մշակվում, որտե՞ղ են գտնվում հանքերը, ո՞վ է դրանց սեփականատերը, ի՞նչ հանքաքարեր են արտադրվում, ի՞նչ տեսքով ու ո՞ր երկրներ են արտահանվում: Հայաստանի անդամակցումը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ/EITI) օգնեց պատասխան գտնելու նմանօրինակ հարցերին, դրանք դարձնել ավելի հանրային ու թափանցիկ:

Համաշխարհային բանկը (ՀԲ) «Հայաստանի ճանապարհը՝ դեպի պատասխանատու հանքարդյունաբերություն» խորագրով հոդված է հրապարակել՝ ներկայացնելով այս ոլորտում Հայաստանի անցած ճանապարհն ու ԱՃԹՆ-ին միանալուց հետո մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտում գրանցված փոփոխությունները:

Հոդվածում նշվում է, որ ինչպես շատ ուրիշ երկրներում, այնպես էլ Հայաստանում, հանքարդյունաբերությունը մշտապես զգայուն թեմա է եղել: Քաղաքացիական հասարակությունը մշտապես ուշադրությամբ հետևել է ոլորտում գրանցվող զարգացումներին՝ պահանջելով ավելի լավ պաշտպանել շրջակա միջավայրը:

Համաշխարհային բանկը նշում է, որ ՀՀ կառավարությունը, նպատակ ունենալով բարելավել բնական ռեսուրսների կառավարումը` այն դարձնելով ավելի թափանցիկ, հաշվետու և մասնակցային, սկսեց հետաքրքրություն հայտնել ԱՃԹՆ-ի հետ կապված, իսկ արդեն 2015 թվականին հայտարարեց նախաձեռնությանը միանալու մտադրության մասին: Շուրջ մեկ տարվա ընթացքում Հայաստանը կատարեց ԱՃԹՆ-ին միանալու բոլոր նախադրյալները, և արդեն 2017 թվականին հաստատվեց երկրի անդամակցության հայտը:

Համաշխարհային բանկը նկատում է` քանի որ Հայաստանի օրենսդրությունը չէր ապահովում ոլորտի լիակատար թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, Ազգային ժողովն անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ իրականացրեց՝ պահանջելով հրապարակել մեծ ծավալի ֆինանսական տեղեկատվություն, ինչպիսիք են՝ ընկերությունների կողմից հարկերի վճարման, արդյունահանման և արտահանման ծավալների, բարեգործական ծրագրերի ու նախագծերի մասին տվյալները: Նմանօրինակ տեղեկատվության տրամադրումն ամեն տարի պարտադիր դարձավ օրենքով: Ավելին, տեղեկատվությունն արտացոլվեց նաև ԱՃԹՆ տարեկան ազգային զեկույցներում:

Համաշխարհային բանկը նշում է, որ Հայաստանը շատ արագ մեծ նվաճումներ գրանցեց ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում: 2019 թվականին Փարիզում կայացած համաժողովում Հայաստանը ստացավ ԱՃԹՆ նախագահության մրցանակը՝ Ստանդարտը նորարարական և վճռականորեն կիրառելու, ինչպես նաև արդյունավետ կառավարման համար՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տնօրեն Մարկ Ռոբինսոնը, ով սերտորեն հետևել է ողջ գործընթացին, նշում է. «Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել: 54 երկրների շարքում Հայաստանն այն 9 երկրներից էր, որն արժանացավ հնարավոր ամենաբարձր գնահատականին»:

ՀԲ-ն նկատում է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների համար մետաղական արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու նոր պահանջը բացառիկ հնարավորություն էր, քանի որ Հայաստանում հաճախ բավականին դժվար էր իրական սեփականատերերի մասին տեղեկատվություն ստանալը: ԱՃԹՆ-ի պահանջին համապատասխանելու համար փոփոխություններ կատարվեցին «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքում, մտցվեց նաև Շահառուների սեփականության էլեկտրոնային հայտարարագրման համակարգ:

«Հայաստանի հաջողության պատմությունը շարունակվում է, առջևում դեռևս շատ անելիքներ կան: Ապագա բարեփոխումներն ուղղված են լինելու շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացմանը: Կառավարությունը շարունակում է զարգացնել ոլորտի ռազմավարությունը՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին»,- ասվում է Համաշխարհային բանկի հոդվածում:

  • Կիսվել: