Թբիլիսիում մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչներ այրել են Ռուսաստանի դրոշը
Թբիլիսիի այն հյուրանոցի մոտ, որտեղ ապրում են ռուս սուսերամարտիկները, Վրաստանի մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչներ այրել են Ռուսաստանի դրոշը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով TV Փիրվելի հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ ի սկզբանե մարդկանց մի փոքր խումբ հակառուսական հանրահավաք էր կազմակերպել Թբիլիսիի Օլիմպիական պալատի մոտ, որտեղ անցկացվում է սուսերամարտի աշխարհի առաջնությունը: Ավելի ուշ ցուցարարները տեղափոխվել են հյուրանոցի մոտակայք, որտեղ ճայթռուկներ են պայթեցրել։
Հեռուստաընկերությունը կադրեր է հեռարձակել, որոնցում երևում է, թե ինչպես են սադրիչները վրացական և ուկրաինական դրոշներ թափահարում, իսկ ավելի ուշ այրում ռուսական դրոշը: Նրանց ձեռքում նաև հակառուսական կարգախոսներով պաստառներ են։
Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության բրիգադները։
Նշենք, որ սուսերամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է հուլիսի 22-30-ը:


