հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սալիվանը Պաղեստինի ղեկավարի հետ քննարկել է Գազայում հետկոնֆլիկտային կայունացման հեռանկարները

Սալիվանը Պաղեստինի ղեկավարի հետ քննարկել է Գազայում հետկոնֆլիկտային կայունացման հեռանկարները

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռամալլայում հանդիպման ժամանակ քննարկել են Գազայի հատվածում հետկոնֆլիկտային կայունացման հեռանկարները և դրանցում պաղեստինյան իշխանությունների դերը։

Այս մասին լրագրողների համար նախատեսված  առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ անդրադարձ է կատարվել նաև  Պաղեստինի ազգային նորացված վարչակազմին և նրա դերակատարությանը պաղեստինցիների ապագայի համար, ինչպես նաև լայն կերպով քննարկվել է թե ինչպիսին կարող է լինել այն ու ինչպիսին պիտի լինի:

Հանդիպումից հետո Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվել  է, որ ԱՄՆ նախագահի օգնականը խորին ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։

Հաղորդագրության  համաձայն՝ Սալիվանը քննարկել է Գազայի պաղեստինյան բնակչությանը կենսական նշանակության մարդասիրական օգնության մատակարարումը մեծացնելու ԱՄՆ ջանքերը և ընդգծել խաղաղ բնակիչներին պաշտպանելու լրացուցիչ միջոցների կարևորությունը:

Սալիվանը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տեսակետն առ այն, թե ինչպես կարելի է Մերձավոր Արևելքը դարձնել ավելի խաղաղ, ինտեգրված և բարգավաճ ՝երկու պետությունների գոյակցության սկզբունքի հիման վրա:

  • Կիսվել: