չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մերձավոր Արևելքում ԱՄՆ օդային հարվածները պատասխանի միայն սկիզբն են․ Սալիվան

Մերձավոր Արևելքում ԱՄՆ օդային հարվածները պատասխանի միայն սկիզբն են․ Սալիվան

ԱՄՆ-ի ավիահարվածները Մերձավոր Արևելքում Հորդանանի ռազմաբազայում երեք ամերիկացի զինվորների մահվան առիթով Վաշինգտոնի պատասխանի սկիզբն են, ոչ թե վերջը, CBS-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի  ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

Ըստ նրա, «կձեռնարկվեն հավելյալ քայլեր, որոշները տեսանելի, մյուսները, թերևս, անտեսանելի», որպեսզի հստակ ազդանշան ուղարկվի, որ երբ ամերիկացիներ  են զոհվում «մենք կպատասխանենք, վճռականորեն կպատասխանենք և հետևողականորեն կարձագանքենք»:

Միաժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը համոզվածություն է հայտնել, որ  Վաշինգտոնի հակառակորդ խմբավորումների թիկունքում կանգնած է Իրանը, որն, ըստ Սալիվանի, վարժեցնում, ֆինանսավորում և զինում է այդ խմբավորումներին։

Նա նաև մեկնաբանել է հեռուստաալիքի հարցը Իրաքի և Սիրիայի տարածքների վրա ամերիկյան հարձակումների հետևանքով,  այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, զոհերի մասին՝ ասելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի քանի ամիս առաջ էր ասել, որ Վաշինգտոնը կպատասխանի ամերիկացիների վրա հարձակումներին։

«Երկրորդ, այն թիրախները, որոնք մենք խոցել ենք, մենք համոզված ենք, որ դրանք եղել են իրական ռազմական թիրախներ։ Դրանք զինամթերքի պահեստներ ու հրամանատարա-կառավարման կենտրոններ էին։ Դրանք գործիքներ էին, որոնք Իրանի կողմից աջակցվող շիա զինյալ խմբավորումներն օգտագործում էին ամերիկյան ուժերի վրա հարձակվելու համար: Պետք է նայել կորուստներին, ով է կոնկրետ սպանվել։ Այս առավոտ  ոչինչ չունեմ հրապարակայնորեն ասելու այս առիթով: Բայց մենք կշարունակենք տալ մեր գնահատականները»,- ասել է Սալիվանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: