չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
«Բայրաքթար» ընկերությունը բացառել է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարումը․ Մենք Ուկրաինայի կողքին ենք

«Բայրաքթար» ընկերությունը բացառել է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարումը․ Մենք Ուկրաինայի կողքին ենք

«Բայրաքթար» անօդաչու սարքերի արտադրությամբ զբաղվող թուրքական Baykar ընկերության հիմնադիրներ Հալուք և Սելջուկ Բայրաքթարները BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում անդրադարձել են ռուս-ուկրաիանական պատերազմին:

Հալուքն ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները դիմել են բազմաթիվ երկրների՝ անօդաչու սարքեր ստանալու խնդրանքով, սակայն, ըստ նրա, գործարքին համաձայնել է միայն Թուրքիան։

««Բայրաքթար» համակարգերն Ուկրաինայում կիրառվում են 2018 թվականից: Ընկերության մասնագետները բազմաթիվ ուկրաինացի զինվորականներ են պատրաստել «Բայրաքթար» ՏԲ2 անօդաչու թռչող սարքի շահագործման համար: Ուկրաինան մի երկիր է, որի հետ մենք սերտ հարաբերություններ ունենք։ Մենք կիսում ենք ուկրաինացիների ցավը և գնահատում նրանց հերոսական պայքարը»,- պատմել է նա:

Խոսելով այս ամենին Ռուսաստանի արձագանքի մասին՝ Հալուքն ասել է.«Իհարկե, ցավոք սրտի, մենք տեսնում ենք զրպարտություն ռուսական լրատվամիջոցներում այն մասին, որ մեր համակարգերը ոչնչացնում են նրանց հակաօդային պաշտպանությունն ու զրահատեխնիկան։ Բայց վերջիվերջո մենք ընկերություն ենք, որն ապահովում է տեխնոլոգիա, իսկ թե ինչպես է այն օգտագործվում, այլ մարդկանց որոշելիքն է»,- պատմել է նա:

Միաժամանակ նա չի թաքցրել, որ «Բայրաքթար» անօդաչուները «ներդրում ունեն Ուկրաինայի անկախության պայքարում»:

 «Իսկ եթե Մոսկվան մեծ գումար առաջարկի, դուք  նրանց էլ կվաճառե՞ք (անօդաչուները)» հարցին ի պատասխան գործարարն ասել է.«Մեզ համար փողն առաջնահերթություն չէ... Ուկրաինայի հետ մեր բարեկամությունն ու համագործակցությունը շարունակվում է երկար տարիներ։ Հետևաբար, որքան էլ մեզ առաջարկեն (գումար), ճիշտն ասած, այս իրավիճակում իրենց (Մոսկվային) անօդաչու սարքեր վաճառելու մասին խոսք լինել չի կարող։ Այս ընթացքում մեր ողջ աջակցությունն ամբողջությամբ Ուկրաինայի կողմն է։ Որովհետև մենք շատ ամուր կապ ունենք, և Ուկրաինան գտնվում է շատ անարդար, ագրեսիվ և անհիմն հարձակման տակ։ Եվ հետևաբար, ոչինչ չի ստվերի Ուկրաինայի հետ մեր համագործակցությունը, ինչ գումար էլ առաջարկվի, մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է»։


  • Կիսվել: