ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ ՔԿ-ն հետմահու քրգործ է հարուցել դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ. «ՌԻԱ Նովոստի»

ՌԴ ՔԿ-ն հետմահու քրգործ է հարուցել դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ. «ՌԻԱ Նովոստի»

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հետմահու քրեական գործ է հարուցել Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ «սեքսուալ բնույթի բռնի գործողություններ», 133-րդ՝ «սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրել» և 117-րդ՝ «կտտանքներ» հոդվածներով»,- մանրամասնել է գործակալության աղբյուրը:

ՔԿ-ում դեռևս չեն մեկնաբանել ստացված տեղեկատվությունը:

Նշենք՝ ավելի վաղ Միխայիլ Խաչատուրյանի բարեկամները հանդես էին եկել նրա դեմ քրեական գործ հարուցելու նախաձեռնությամբ՝ հուսալով, որ դա կօգնի հերքել մահացածի դեմ մեղադրանքները, ըստ որոնց՝ նա սեքսուալ բնույթի բռնի գործողություններ էր կատարել դուստրերի հանդեպ:

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի հատվածներում բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Նրա 3 դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզ է դարձել, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Ըստ քննության վարկածի՝ Խաչատուրովի կրտսեր դուստրը հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկու դուստրերը հոր գլխին են հարվածել։ Այնուհետև, քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգահարել։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը 2018-ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։ 

  • Կիսվել: