կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ փոխվարչապետը սպառնացել է դադարեցնել նավթի մատակարարումները արևմտյան երկրներ

ՌԴ փոխվարչապետը սպառնացել է դադարեցնել նավթի մատակարարումները արևմտյան երկրներ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Մոսկվան կդադարեցնի նավթի մատակարարումը, եթե արևմտյան երկրները ռուսական նավթի առավելագույն գին սահմանեն։

«Սա վատ նախադեպ է ստեղծում և առաջին հերթին հարվածելու է հենց այդ պատժամիջոցները սահմանողներին»,- նշել է նա:

Նախօրեին Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Մասնավորապես, նախատեսվում է ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանել՝ հայտնել են ԵՄ-ում Չեխիայի նախագահությունից։ 8-րդ փաթեթի համաձայն՝ արգելվում է ծովային ճանապարհով սահմանաչափը գերազանցող գնով ռուսական նավթ տեղափոխել երրորդ երկրներ:

Արգելվում է նաև Ռուսաստան բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումը, ռուսական կառույցներին ՏՏ, ինժեներական, իրավական ծառայությունների տրամադրումը։

Պատժամիջոցների փաթեթը ներառում է նաև Ռուսաստանից պողպատե արտադրանքի, փայտանյութի, թղթի, կենցաղային տեխնիկայի, քիմիական նյութերի, պլաստիկի, ծխախոտի ներմուծման արգելք։

Սահմանափակումները տարածվելու են նաև Ռուսաստանի կազմի մեջ մտած Խերսոնի և Զապորոժիեի շրջանների վրա։ Ակնկալվում է, որ փաթեթը քննարկման կներկայացվի հոկտեմբերի 6-ին և 7-ին Պրահայում ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը, հավելել՝ ԵՄ-ն երբեք չի ճանաչի Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում և Խերսոնում Ռուսաստանին միանալու հարցով անցկացված հանրաքվեների արդյունքները:

  • Կիսվել: