երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ՌԴ-ն և Իրանը կարող են թույլ չտալ ՀՀ-ի տարածքով արտատարածքային միջանցքի ստեղծումը. Եվսեև

ՌԴ-ն և Իրանը կարող են թույլ չտալ ՀՀ-ի տարածքով արտատարածքային միջանցքի ստեղծումը. Եվսեև

Ռուսաստանն ու Իրանը կարող են համատեղ ջանքերով կանխել Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի ստեղծումը, որը ձգտում են իրականացնել Թուրքիան ու Ադրբեջանը։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը մուլտիմեդիոն հարթակում կայացած հեռուստակամուրջի ժամանակ։
Եվսեևը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի, որը ներառում է ոչ միայն անձնակազմ և տեխնիկա, այլև համապատասխան ենթակառուցվածքներ: Անհրաժեշտության դեպքում Մոսկվան կարող է խանգարել Բաքվի, Անկարայի կամ արևմտյան երկրների ծրագրերին։
 
«Եվ եթե նույնիսկ տեսականորեն պատկերացնենք, որ Վրաստանը կփակի իր օդային տարածքը, ապա Ռուսաստանը կարող է Հայաստանում իր բազայի մատակարարումն իրականացնել Իրանի տարածքով։ Եվ նման նախադեպ եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ»,-հավելել է Եվսեևը։
 
Իրանում Ռուսաստանի նախկին դեսպան Ալեքսանդր Մարյասովն իր հերթին նշում է, որ Իրանը խիստ մտահոգված է Բաքվի և Թել Ավիվի միջև սերտ կապերով: Նա կարծում է, որ Իրանը կփորձի թուլացնել Ադրբեջանի և Իսրայելի մերձեցման այս միտումը՝ հույս ունենալով, որ Ադրբեջանը կգիտակցի ռիսկերը և զգույշ կգործի:
Մարյասովը նաև նշել է, որ Իրանը մտահոգված է տարածաշրջանում թուրքական ազդեցության ընդլայնմամբ: Նրա խոսքով՝ Իրանի և Թուրքիայի միջև առկա են լուրջ գաղափարական տարաձայնություններ, որոնք պահպանվում են մինչ օրս:

  • Կիսվել: