չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ-ն և Չինաստանը վետո են դրել Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու բանաձևի վրա

ՌԴ-ն և Չինաստանը վետո են դրել Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու բանաձևի վրա

Ռուսաստան և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո են դրել Սիրիայի վերաբերյալ Գերմանիայի ու Բելգիայի բանաձևի վրա։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Այդ բանաձևով առաջարկվում էր միջսահմանային հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով երկարաձգել Թուրքիայի և Սիրիայի սահմանին առկա սահմանային 2 անցակետի աշխատանքը։ Նրանք առաջարկել են միջսահմանային մեխանիզմով օգնության ծրագիրը  երկարաձգել ոչ թե 6 ամսով, այլ 1 տարով, ինչպես հաստատված է եղել նախկինում: Անհրաժեշտության դեպքում կավելացվի  ՄԱԿ-ի համար բացվող հսկիչ անցակետերի քանակը:

Նշենք, որ մինչ այդ հումանիտար օգնությունը Սիրիա հասնում էր թուրք-սիրիական սահմանային 4 անցակետերի միջոցով, սակայն 2019թ․ Ռուսաստանի և Չինաստանի կողմից դրված վետոյով անցակետերի թիվը հասցվել էր երկուսի։ 2020թ. հունվարին այդ անցակետերից միայն երկուսի գործողության ժամկետն էր կես տարով երկարաձգվել, և այդ բանաձևին կողմ էին արտահայտվել Ռուսաստանը, Չինաստանն ու Սիրիան:

Այժմ Ռուսաստանը պնդում է, որ Սիրիայում իրավիճակի կայունացմամբ պայմանավորված այլևս երկու անցակետի պահպանման անհրաժեշտություն չկա, և հումանիտար օգնությունը հնարավոր է մատակարարել մեկ անցակետի միջոցով, իսկ դրան դեմ են արևմտյան պետությունները:

Սա արդեն 15-րդ վետոն է, որ ռուսական կողմը կիրառում է Սիրիային առնչվող ՄԱԿ-ի բանաձևերի վրա:

Բանաձևի ժամկետն ավարտվում է հուլիսի 10-ին:

Փաստաթղթի քննարկման ժամանակ նշվել է, որ Սիրիայում այժմ ավելի քան 11 միլիոն մարդ ունի հումանիտար աջակցության կարիք՝ հատկապես կորոնավիրուսի համաճարակի և սիրիական տնտեսության ճգնաժամի պայմաններում: Հումանիտար օգնության կատաստրոֆիկ պահանջ կա հատկապես Իդլիբի շրջանում, որտեղ բնակչության մեծ մասը մատնված է սովի:

  • Կիսվել: