հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պուտինը ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը հեշտացնող օրենք է ստորագրել

Պուտինը ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը հեշտացնող օրենք է ստորագրել

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հեշտացնելու մասին, փաստաթուղթը հրապարակվել է իրավարար տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում է Iz.ru-ն:

Փաստաթղթում նշվում է, որ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք մշտական բնակություն են հաստատել ՌԴ տարածքում, իրավունք ունեն դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար պարզեցված եղանակով:

Օրենքը չեղարկում է ռուսական քաղաքացիություն ստանալուց առաջ օտարերկրյա քաղաքացիությունից հրաժարվելու պահանջը: Օրենքը ապրիլի 17-ին հավանության էր արժանացրել Դաշնության խորհուրդը:

Չեղարկվում է ԽՍՀՄ-ում ծնված և նախկին խորհրդային երկրներում ապրող, սակայն այդ երկրների քաղաքացիություն չստացած անձանց նկատմամբ ներկայացվող պահանջը, որի համաձայն՝ նրանք պետք է պարտադիր 3 տարի բնակվեին Ռուսաստանում և ներկայացնեին եկամտի օրինական աղբյուրը:

Այս կանոնը տարածվում է նաև ՌԴ քաղաքացիների արտասահմանցի ամուսինների վրա, որոնք բնակվում են Ռուսաստանում և ընդհանուր երեխաներ ունեն, ինչպես նաև արտասահմանցիների վրա, որոնց ծնողներից մեկը ՌԴ քաղաքացի է և բնակվում է Ռուսաստանում:

  • Կիսվել: