PKK-ի ղեկավարը կազմակերպության անդամներին կոչ է արել վայր դնել զենքերը
Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավար, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանը կազմակերպության անդամներին կոչ է արել վայր դնել զենքը և դադարեցնել Թուրքիայի հետ զինված առճակատումը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Օջալանի համապատասխան ուղերձը լրագրողներին փոխանցել են քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ բանտում այցելել էին PKK-ի առաջնորդին և նրանից ստացել ուղերձը։
Օջալանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ես ստանձնում եմ զինաթափման կոչի պատմական պատասխանատվությունը: Համագումար անցկացրեք և որոշումներ կայացրեք պետության և հասարակության հետ ինտեգրվելու վերաբերյալ, քանի որ յուրաքանչյուր ժամանակակից համայնք ու կուսակցություն, որը չի դադարել գոյություն ունենալ բռնի ուժով, դա անում է ինքնակամ: PKK-ի հետ կապված բոլոր խմբերը պետք է վայր դնեն զենքը, իսկ կազմակերպությունը պետք է լուծարվի»: