չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պետդումայի պատգամավորն առաջարկել է ԱՄՆ-ն ահաբեկչական պետություն ճանաչել

Պետդումայի պատգամավորն առաջարկել է ԱՄՆ-ն ահաբեկչական պետություն ճանաչել

Հարկավոր է միջազգային բոլոր հարթակներում հայտարարել, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային արբանյակային տվյալներ է փոխանցում ռազմական գործողությունների համար, ինչն ագրեցիա է Ռուսաստանի դեմ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Մորոզովը։

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցները հայտնաբերել են, որ Maxar ընկերությանը պատկանող ամերիկյան GeoEye-1 արբանյակն ուկրաինական հրթիռային հարձակումից երեք օր առաջ նկարահանումներ է իրականացրել Բելգորոդում։

«Այժմ ակնհայտ է դարձել, որ այս տեղեկությունն օգտագործվում է ռուսական քաղաքների գնդակոծման համար։ Փաստացի սա մասնակցություն է պատերազմին Ուկրաինայի կողմից և ագրեսիա Ռուսաստանի դեմ։ Այս մասին հարկավոր է բացահայտ հայտարարել միջազգային բոլոր հարթակներում, պահանջել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հատուկ նիստ հրավիրել ու ԱՄՆ-ն ահաբեկչական պետություն հռչակել», - ասել է Մորոզովը։

Նա նաև հավելել է, որ մարտի դաշտում պետք է կյանքի կոչվեն ՌԴ ղեկավարության խոսքերն Ուկրաինայում որոշումների կայացման կենտրոններին հարվածներ հասցնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ կիրակի գիշերն ուկրաինական զորքերը «Տոչկա-Ու» հրթիռներով և «Ռեյս» անօդաչու սարքերով գնդակոծել են ՌԴ Կուրսկի և Բելգորոդի մարզերի տարածքները։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են արձակված բոլոր երեք հրթիռները, սակայն դրանցից մեկի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա։ Գնդակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ։ Մասամբ ավերվել է 11 բազմաբնակարան և մոտ 40 մասնավոր շենք։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: