երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Պետդեպը կոչ է անում Վրաստանին շարունակել եվրաինտեգրման ճանապարհը

Պետդեպը կոչ է անում Վրաստանին շարունակել եվրաինտեգրման ճանապարհը

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը կոչ է անում Վրաստանի իշխանություններին շարունակել եվրաինտեգրման ճանապարհը։ Պատելը նշել է, որ շրջանառվող օրենսդրական գործունեությունը չի համապատասխանում կառավարության հայտարարած նպատակներին։ Այս մաին հայտնում է aliq.ge-ն։

Պատելը հայտարարել է, որ Վրաստանի բնակչության ավելի քան 80 տոկոսը ցանկանում է միանալ Եվրամիությանը, սակայն կառավարության վերջին գործողությունները չեն համապատասխանում վրաց ժողովրդի արտահայտած նկրտումներին:

«Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը և հարաբերություններ ունենալ անդրատլանտյան դաշինքների հետ, ինչպիսին ՆԱՏՕ-ն է։ Բայց նմանատիպ օրենսդրական գործունեությունը, կառավարության գործողությունները չեն համապատասխանում նշված նպատակներին»,- ասել է Պատելն ու հավելել՝ օրենքի նախագծի ընդունման հնարավոր հետևանքների մասին հրապարակայնորեն չի խոսի, և որ եվրոպացի գործընկերների հետ այս հարցով խորհրդակցությունները շարունակվում են։

Ի դեպ, երեկ՝ մայիսի 13-ին, խորհրդարանի իրավական հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվել է «գործակալների օրենքը», որի դեմ քաղաքացիները շաբաթներ շարունակ ակցիա են անում։ Օրինագիծը խորհրդարանում կքվեարկվի այսօր: Խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումը երեկ տևել է 67 վայրկյան, իսկ ոստիկանությունը բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկել 20 հոգու։ Նրանցից ոմանք կալանքի ժամանակ ենթարկվել են ֆիզիկական բռնության։

  • Կիսվել: