Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հերքել է Ուկրաինայում կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի դուրս գալու մասին տեղեկությունները
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը կեղծ է որակել այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացին իր մասնակցությունը դադարեցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
«Բրյուսը կտրականապես հերքել է այն տեղեկությունները, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններից: Բրյուսը դրանք անվանել է կեղծ և ընդգծել ամերիկյան կողմի շարունակական մասնակցությունը գործընթացին»,- հայտնում է հեռուստաալիքը։
«Եթե նկատելի առաջընթաց չլինի, մենք կարող ենք մի փոքր փոխել մեր դիրքորոշումը»,- շեշտել է դիվանագետը «Գայ Բենսոնի շոու» հաղորդման ընթացքում՝ ընդգծելով, որ դա, անշուշտ, չի նշանակում նահանջ գործընթացից։
Նա նշել է, որ բանակցային գործընթացից հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։