ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պաշտոնապես հաստատվեց, որ ՌԴ հավաքականը չի մասնակցի Եվրո-2024-ին

Պաշտոնապես հաստատվեց, որ ՌԴ հավաքականը չի մասնակցի Եվրո-2024-ին

Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) պաշտոնական կայքը։

Պատճառը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) փետրվարյան որոշումն է՝ կասեցնել ռուսական ակումբների և թիմերի մասնակցությունը կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։

Այս որոշումը վիճարկվել է ՌՖՄ-ի կողմից Լոզանի մարզական արբիտրաժային դատարանում (CAS), որը հուլիսին մերժել է բողոքը:

Միությունը ներկայումս սպասում է CAS-ի որոշման ամբողջական տեքստին, որի ուսումնասիրությունից հետո որոշում կկայացվի իրավական պաշտպանության շրջանակներում հետագա քայլերի վերաբերյալ։

Սեպտեմբերի 24-ին Ռուսաստանի հավաքականը Բիշքեկում ընկերական հանդիպում կանցկացնի Ղրղզստանի ընտրանու հետ։ Նոյեմբերին ռուս ֆուտբոլիստները կխաղան Իրանի, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հետ։

Ռուսաստանի հավաքականը բաց կթողնի Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և ՈւԵՖԱ-ն որոշել են հեռացնել Ռուսաստանի հավաքականին, ինչպես նաև բոլոր ռուսական ակումբներին այս կազմակերպությունների կողմից վերահսկվող բոլոր մրցաշարերին մասնակցելուց։

  • Կիսվել: