Որ երկրներն են ողջունել կամ քննադատել ԱՄՆ-ԵՄ առևտրային համաձայնագիրը
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ողջունել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև կնքված առևտրային համաձայնագիրը՝ խնդրելով, սակայն, ավելի հստակություն մտցնել ամփոփիչ պայմանավորվածությունների վերաբերյալ, տեղեկացնում է DW-ն։
Նա լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. «Ես դրական ընդունեցի համաձայնագրի փաստը, միշտ մտածել եմ, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրային պատերազմը կարող է հանգեցնել անկանխատեսելի, հնարավոր է՝ կործանարար հետևանքների։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է խորանալ մանրամասների մեջ, պարզաբանել, թե կոնկրետ որ ապրանքների համար են բացառություններ արվում։ Ես հստակ տվյալներ չունեմ»,- լրագրողներին ասել է վարչապետը։
Մելոնիից բացի՝ ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ողջունել է նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը հնարավորություն կտա խուսափել «անդրատլանտյան առևտրային հարաբերությունների անհարկի սրացումից» և ցույց կտա, որ ԵՄ-ի միասնությունն ու համառ աշխատանքը «արդյունք են տվել»,-ասել է նա:
Սակայն համաձայնագիրը ոչ միայն ողջունողներ են եղել, այլև՝ քննադատողներ: Այսպես՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված սակագնային համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ «այս համաձայնագիրը շատ դժվար է հաջողություն անվանել», քանի որ ԵՄ ղեկավարության դիրքերն ավելի թույլ են, քան ԱՄՆ-ի: Նա քննադատել է Ֆոն դեր Լայենին, որ ԵՄ-ին պարտավորեցնում է «հարյուր միլիարդավոր եվրոներ» ներդնել ԱՄՆ-ում, ինչպես նաև Վաշինգտոնից որոշակի քանակությամբ սպառազինություն գնել:


