Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Օմանի ափերի մոտ հունական «Dynacom Tankers» ընկերության երկու նավթատար ենթարկվել է հարվածների, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ Մալթայի դրոշով նավարկող «Kavomaleas» նավթատարին երկու արկ է հարվածել, ինչի հետևանքով շարժիչային բաժանմունքում հրդեհ է բռնկվել։ Նավապետը որոշել է տարհանել անձնակազմին։ Բոլոր նավաստիներն անվտանգ տեղափոխվել են ափ։
Արկի հարվածի է ենթարկվել նաև Լիբերիայի դրոշով նավարկող «Acheloos» նավթատարը, որը կարող է տեղափոխել շուրջ երկու միլիոն բարել նավթ։ Անձնակազմն անվտանգ է, նավը տեղափոխվել է խարիսխի վայր՝ վնասների գնահատման համար։
Ինչպես հաղորդվում է՝ երկու նավերն էլ անցնում էին Հորմուզի նեղուցի հարավային միջանցքով։
Իր հերթին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ երկու նավթատար պայթել և անշարժացել են այդ երթուղով անցնելու ժամանակ։



