Նիդերլանդներում բնական խոշոր հրդեհներ են բռնկվել
Նիդերլանդների մի քանի շրջաններում միաժամանակ բնական խոշոր հրդեհներ են բռնկվել, որոնց մի մասն առաջացել է ռազմական հրաձգարաններում, տեղեկացնում է NOS-ը:
Ամենալուրջ իրավիճակը ստեղծվել է երկրի հարավային Վերտ քաղաքի շրջանում, որտեղ կրակի արագ տարածման պատճառով տարհանվել են Kempen Airport օդանավակայանը և Բուդելի փախստականների տեղավորման կենտրոնը, որտեղ ապաստանում էր մոտ 1500 մարդ:
Ըստ Անվտանգության ծառայության՝ Վերտի մոտակայքում հրդեհի մակերեսը հասել է մոտ 500 հազար քառակուսի մետրի: Կրակը մոտեցել է օդանավակայանի տարածքին:
Մեկ այլ խոշոր հրդեհ է բռնկվել Էյնդհովենից ոչ հեռու գտնվող Օյրսխոտսե-Հեյդե ռազմական հրաձգարանում:
Միաժամանակ հրդեհները շարունակվում են երկրի այլ հատվածներում ևս:
Հարդե ռազմական հրաձգարանում հրդեհը սկսվել էր դեռ նախօրեին և մինչ օրս ամբողջությամբ չի մարվել: Հրդեհներ են գրանցվել նաև Նորդվեյկի մոտակա ավազաբլուրներում և ավելի վաղ՝ Ասենի մոտ տեղակայված ռազմական օբյեկտում:
NOS գործակալության տվյալներով՝ ներկա պահին երկրում միաժամանակ գործում է առնվազն հինգ բնական հրդեհ:
Նիդերլանդների Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեպքի պատճառները դեռ հետաքննվում են:


