կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի կարծիքով՝ ռուս-ուկրաինական պատերազմի ելքը կորոշի աշխարհի ճակատագիրը

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի կարծիքով՝ ռուս-ուկրաինական պատերազմի ելքը կորոշի աշխարհի ճակատագիրը

Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Կիև է ժամանել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

՛՛Իմ՝ ՆԱՏՕ-ի առաջին ռազմական պատվիրակության այցը, որը եղել է Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո, հանդիսանում է վկայությունն այն բանի, որ ՆԱՏՕ-ն և Ուկրաինան մոտ են ավելի, քան երբևէ՛՛,- ասել է նա՝ ելույթ ունենալով Կիևի անվտանգության ֆորումում։

Բաուերն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած ներխուժումը «երբեք կապված չի եղել Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության իրական սպառնալիքի հետ»։

՛՛Պուտինը վախենում է ժողովրդավարությունից: Եթե ուկրաինացիները կարողանան ունենալ իրական ժողովրդավարական իրավունքներ, ապա շուտով ռուսները նույնպես կցանկանան դրանք՛՛,- նշել է նա։

ՆԱՏՕ-ի պաշտոնյան հավելել է, որ ռուսները, ձգտելով ուժ ցուցադրել, միայն թուլություն են ցուցաբերել։ «Ոչ մի քարոզչություն չի կարող թաքցնել այն ճշմարտությունը, որ նախագահ Պուտինը չի հասել իր ռազմավարական նպատակներից որևէ մեկին»,- ասել է Բաուերը՝ նշելով, որ ուկրաինացիները և Ուկրաինայի զինված ուժերը պայքարում են ազատության և քաղաքակրթության համար այնպես, որ ՛՛փոխել են ժամանակակից ռազմական գործերի շատ ասպեկտներ՛՛:

Բաուերը հավելել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է գործընկերների կողմից է՛լ ավելի մեծ և անմիջական օգնություն։ Նա նաև տեսակետ է հայտնել, որ ՛՛այս պատերազմի ելքը կորոշի աշխարհի ճակատագիրը՛՛:

  • Կիսվել: