կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարսի վրա նոր հսկայական հրաբուխ է հայտնաբերվել

Մարսի վրա նոր հսկայական հրաբուխ է հայտնաբերվել

Մարսի Թարսիս կոչվող շրջանի արևելյան մասում՝ մոլորակի հասարակածի մոտ, հսկայական հրաբուխ և սառցադաշտի հնարավոր շերտ է հայտնաբերվել։ Այս մասին հետազոտության հեղինակները հայտնել են ԱՄՆ Տեխաս նահանգի Վուդլենդս քաղաքում Լուսնի և մոլորակային գիտությունների 55-րդ համաժողովի ժամանակ։

Ժամանակավորապես Նոկտիս անունն ստացած այս հրաբուխը տպավորիչ գոյացություն է՝ 9022 մետր բարձրությամբ և 450 կիլոմետր լայնությամբ։ Երկրաբանական փոփոխությունների երկար պատմություն ունեցող այս հրաբուխը հետազոտության հետաքրքիր ոլորտ է գիտնականների և աստղագետների համար: Հրաբխի հսկա չափերը և փոփոխությունների բարդ պատմությունը վկայում են, որ այն ակտիվ է եղել շատ երկար ժամանակ: Դրա հարավարևելյան մասում կան հրաբխային նստվածքի բարակ շերտեր, որոնց տակ թաքնված է սառցադաշտային սառույց։ Սա նոր հնարավորություններ է բացում Մարսի երկրաբանական էվոլյուցիան ուսումնասիրելու և անցյալ կյանքի նշաններ փնտրելու համար:

«Մենք ուսումնասիրում էինք այն տարածքի երկրաբանությունը, որտեղ անցյալ տարի հայտնաբերեցինք սառցադաշտի մնացորդներ և հասկացանք, որ գտնվում ենք հսկայական և խորը քայքայված հրաբխի ներսում»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ դոկտոր Պասկալ Լին:

GiantVolcano2_large.jpg (612 KB)

Բազմաթիվ նշաններ վկայում են այս տարածքի հրաբխային բնույթի մասին։ Օրինակ՝ դրա ներսի հատվածն առանձնանում է կամարաձև բարձրություններով, իսկ մի փոքր թեքված արտաքին լանջերը ձգվում են 225 կիլոմետր: Կենտրոնի մոտ տեսանելի են հրաբխային խառնարանի մնացորդները, որը ժամանակին լցված է եղել լավայի լճով։ Բացի դրանից՝ հրաբխի շրջակայքի մի քանի հատվածներում հայտնաբերված են լավայի հանքավայրեր, պիրոկլաստիկ հանքավայրեր (կազմված հրաբխային մասնիկներից, ինչպիսիք են մոխիրը, պեմզան) և հիդրատացված հանքանյութեր։

Գիտնականները նաև հայտնաբերել են հրաբխային նստվածքների մեծ տարածք, որը տարածվում է ավելի քան 5000 քառակուսի կիլոմետր հրաբխի շուրջը: Այս նստվածքները ցածր, կլոր և երկարավուն բլուրներ են։ Ենթադրվում է, որ դրանք գոլորշու արտանետման արդյունք են, երբ տաք հրաբխային նյութը բախվել է ջրի կամ սառցե ընդերքի մակերեսին:  

Նոկտիս հրաբուխն ունի փոփոխությունների երկար և բարդ պատմություն, որը հավանաբար կապված է ջերմային և սառցադաշտային էրոզիայի հետ: Գիտնականները հրաբուխը դիտարկում են որպես հսկայական վահան, որը կազմված է պիրոկլաստիկ նյութերի, լավայի և սառույցի շերտավոր նստվածքներից, որոնք կուտակվել են նրա լանջերին ձյան բազմակի տեղումների և սառցադաշտային ակտիվության արդյունքում: Ճեղքերի և խզումային խախտումների առաջացմանը զուգահեռ լավան սկսել է դուրս թափվել տարբեր տեղերից, ինչը հանգեցրել է սառցադաշտի ջերմային էրոզիայի և թաղված սառույցի մեծ մասի հեռացմանը, ինչպես նաև հրաբխի առանձին մասերի փլուզմանը:

GiantVolcano1_large.jpg (279 KB)

Սառցադաշտի հետագա գործընթացները շարունակել են էրոզիան և հրաբխի ներսում գտնվող ձորերին տվել են իրենց ներկայիս ձևն ու տեսքը: Այս համատեքստում «ռելիկտային սառցադաշտը» և հրաբխի շուրջ սառցադաշտային սառույցի հնարավոր թաղված շերտը կարող են լինել սառցակալման վերջին դրվագի մնացորդներ։

Սակայն այս նոր հայտնաբերված հսկա հրաբխի մասին շատ բան մնում է առեղծված: Թեև հայտնի է, որ այն երկար ժամանակ ակտիվ է եղել և սկսել է ձևավորվել Մարսի վաղ պատմության ընթացքում, դրա ձևավորման ճշգրիտ ժամկետը հայտնի չէ: Բացի դրանից՝ չնայած ժայթքումներ են գրանցվել, հայտնի չէ, թե արդյոք այն դեռ ակտիվ է և հնարավո՞ր է, որ այն նորից ժայթքի: Եթե ​​Նոկտիս հրաբուխը ակտիվ է եղել շատ երկար ժամանակ, ապա հնարավոր է, որ մշտական ​​ջերմության և սառցե շերտից ջրի հասանելիության համադրությունը կարող է այն դարձնել կյանքի զարգացման համար բարենպաստ վայր: 

Աղբյուրը՝ tech.news.am:

  • Կիսվել: