Մարին Լը Պենի կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել
Ֆրանսիայի ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն այսօր հայտարարել է, որ խաղաղ ճանապարհով կպայքարի նախագահական ընտրություններում առաջադրվելու իր հնգամյա արգելքը չեղարկելու համար և ոգեշնչում կստանա քաղաքացիական իրավունքների պայքարի ամերիկացի սպանված մարտիկ Մարտին Լյութեր Քինգ-կրտսերից, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ Լը Պենը Մատեո Սալվինիի «Լիգա» կուսակցությանն ուղղված տեսաուղերձում, որը հանրահավաք էր անցկացնում Ֆլորենցիայում, մասնավորապես, ասել է. «Մենք օրինակ կվերցնենք Մարտին Լյութեր Քինգից: Մեր պայքարը լինելու է խաղաղ, ժողովրդավարական։ Մենք կհետևենք Մարտին Լյութեր Քինգի օրինակին, որը պաշտպանում էր քաղաքացիական իրավունքները»:
Նա հավելել է, որ կօգտագործեն բոլոր գործիքներն ու իրավաբանական միջոցները, որպեսզի հնարավորություն ունենան դրսևորել իրենց նախագահական ընտրություններում:
Մարին Լը Պենի կողմնակիցները կիրակի կեսօրին հավաքվել են Փարիզի կենտրոնում՝ խաղաղ բողոքի ցույցի համար:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Փարիզի դատարանը Լը Պենին և «Ազգային միավորում» կուսակցության երկու տասնյակ անդամների մեղավոր է ճանաչել ԵՄ ֆինանսական միջոցները յուրացնելու մեջ և որոշում է ընդունել, որով Լը Պենին արգելվում է մասնակցել 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, եթե 18 ամսվա ընթացքում նա չհասնի որոշման չեղարկմանը:
Տեսանյութը՝ այստեղ: