երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նամակներ է հղել Պուտինին, Էրդողանին և Զելենսկուն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը նամակներ է հղել Պուտինին, Էրդողանին և Զելենսկուն

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակներ է ուղարկել Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Վլադիմիր Զելենսկուն՝ Սև ծովում անվտանգ նավագնացության ապահովման համար:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
 
Նրա խոսքով՝ ՄԱԿ–ը բանակցություններ է վարում բոլոր կողմերի հետ, որպեսզի առևտուրը, պարենի մատակարարումները շարունակվեն և նավերն անվտանգ անցնեն:
 
«Այդ առիթով փետրվարին գլխավոր քարտուղարը նամակներ էր ուղարկել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներին։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ քաղաքացիական նավագնացության ազատությունը մնում է ՄԱԿ–ի գլխավոր նպատակը: Սննդամթերքի և առևտրի երթուղիները պետք է լինեն անվտանգ, անխափան և կանխատեսելի»,– ասել է Դյուժարիկը:
 
Ինչպես նշել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, Սև ծովով անցնող պարենի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը չափազանց կարևոր է համաշխարհային շուկաների և համաշխարհային պարենային անվտանգության համար:
 
«Չնայած նրան, որ վերջին ամիսներին զգալի բարելավում է նկատվել Սև ծովով տարանցվող սննդամթերքի արտահանման ծավալի առումով, Ուկրաինայից և Ռուսաստանի Դաշնությունից մեկնող նավերը շարունակում են ռիսկերի առաջ կանգնել նավահանգիստներին հասցված հարվածների և ծովային ականների առկայության պատճառով»,– նշել է Դյուժարիկը:
Նա ավելացրել է, որ վերանշյալ գործոնների պատճառով գործարքների ծախսերը մեծանում են:
 

  • Կիսվել: