ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում բանաձև ընդունելու հետևանքների համար պատասխանատու են արևմտյան 4 երկրներ. Բաղայի

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում բանաձև ընդունելու հետևանքների համար պատասխանատու են արևմտյան 4 երկրներ. Բաղայի

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունմանն՝ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ այս անարդար և ապակառուցողական գործողության հետևանքների պատասխանատվությունը կրելու են բանաձևի հեղինակները։ Նա նշել է, որ Իրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ խաղաղ միջուկային էներգիայից օգտվելու իր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար, գրում է parstoday.ir-ը:

ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը կասկածի տակ դնելու նպատակով Եվրոեռյակի ու ԱՄՆ-ի կողմից գործակալության կառավարիչների խորհուրդը որպես գործիք օգտագործելը։

Նա կտարականապես մերժել է կառավարիչների խորհրդի կողմից ընդունված բանաձևի պնդումները։ Բանաձևը հաստատվել է այսօր առավոտյան։ Այն ներկայացրել են Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները՝ գործակալության գլխավոր տնօրենի քաղաքական զեկույցի հիման վրա։ Բաղային նշել է, որ բանաձևի ընդունումն անհիմն քայլ է և որ դրա նպատակն է Իրանի վրա ճնշում գործադրելով, Թեհրանին ստիպել հետ կանգնել միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում իրանցիների օրինական իրավունքներից։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ այն պնդումը, թե Իրանը չի կատարում Համապարփակ երաշխիքների համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, անհիմն է, հավելելով. «Իրանի կողմից իր պարտավորությունները չկատարելու պնդումն ինքնին վկայում է այս բանաձևի հեղինակների անազնվության և չար մտադրությունների մասին, քանի որ նույնիսկ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի զուտ քաղաքական զեկույցում նման պնդում չկա»։

Անդրադառնալով Իրանի հետ դիմակայության հարցում Եվրոեռյակի ու ԱՄՆ-ի ձախողումներին, ինչպես նաև իրանցիների գիտական և տնտեսական զարգացմանը, ինչեպս նաև խաղաղ միջուկային տեխնոլոգիաների զարգացմանը խոչընդոտելու այդ երկրների ջանքերին, Բաղային ասել է. «Ավելի քան երկու տասնամյակ Միացյալ Նահանգները և Եվրոեռյակն Իրանի մեծ և ազատ ժողովրդին ենթարկում են անօրինական պատժամիջոցների, հայտարարելով, թե մտահոգ են Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ։ Չնայած այս կապակցությամբ ակսկածները վերացնելուն ուղղված Թեհրանի քայլերին, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի ստորագրմանը, այդ երկրները փորձել են տարբեր պատրվակներով դադարեցնել կամ դանդաղեցնել Իրանի միջուկային ծրագիրը։ Սակայն Իրանը, հենվելով երիտասարդ մասնագետների կարողությունների վրա, այդ խոչընդոտներն ու սահմանափակումները վերածել է տեղական միջուկային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորության։

Ափսոսանք հայտնելով Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի կողմնակալ դիրքորոշման կապակցությամբ, որն արտահայտվել է նաև նրա վերջին զեկույցում, ինչպես նաև սադրիչ հարցազրույցներում, Բաղային ասել է, որ Գրոսսին պատասխանատու է գործակալության հեղինակության խաթարման համար, կոչ անելով վերջինիս կատարել իր պարտականությունները գործակալության կանոնադրության համաձայն և զերծ մնալ քաղաքականացված քայլերից։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը շնորհակալություն է հայտնել Չինաստանին, Ռուսաստանին, Վենեսուելային, Կուբային, Նիկարագուային և Բելառուսին, որոնք համատեղ հայտարարությամբ մերժել են գործակալության վերջին բանաձևը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել բանաձևին ձեռնպահ քվեարկած երկրներին և նշել, որ Իրանի ժողովուրդը վճռական է՝ պաշտպանելու իր իրավունքներն ու շահերը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի։

  • Կիսվել: