երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորը

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կհրապարակի, թե որ կողմն է իրականացրել գրոհները Զապորոժիեի ատոմակայանի վրա, եթե կարողանա ինքնուրույն հաստատել այդ տեղեկությունը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Ըստ Գրոսիի, իրեն ավելի վաղ հարցրել են՝ արդյոք ՄԱԳԱՏԷ-ն կարող է որոշել Զապորոժիայի ԱԷԿ-ի վրա հարձակումների աղբյուրը, և նա նշել է, որ դա չափազանց դժվար է՝ հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի տեսակը, դրանց առանձնահատուկ հետագիծը և այն, որ դրանք կարող էին արձակված լինել  ցանկացած ուղղությունից։

«Ես այս մասին ասել եմ Նյու Յորքի մամուլում... Քանի որ մենք տեսուչներ ենք, չէինք ցանկանա ենթադրություններ անել, մենք կխոսենք այդ մասին, երբ մեր տրամադրության տակ լինեն արկի ծագումը հաստատող բոլոր տարրերը։ Տվյալ դեպքում մենք դա չենք ունեցել, ուստի չենք հայտարարել։ Բայց ես նաև Նյու Յորքում ասացի, որ եթե ինձ երբևէ բավարար տեղեկատվություն տան, ես, անշուշտ, դա չեմ թաքցնի լայն հանրությունից»,- ասել է Գրոսսին:

Այն հարցին, թե արդյոք ՄԱԳԱՏԷ-ն իսկապես կհրապարակի այդ հարձակումների աղբյուրի մասին տեղեկությունը, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը դրական է պատասխանել։

«Եթե ես իմ տեսուչների միջոցով տեղեկանամ այդ մասին, և ոչ թե ինչ-որ մեկն ինձ ասի, ապա այո, իհարկե... Եթե իմ տեսուչները կարողանան ինքնուրույն հաստատել հարձակումների ծագումը, ապա, իհարկե, դա իմ պարտականությունն է։ Այն պայմաններում, որ ունենք կայանում, սա որոշակիորեն դժվար է։ Բայց կտեսնենք: Ամեն դեպքում, հուսով եմ, որ կայանի վրա նոր հարձակումներ չեն լինի»,- հավելել է գործակալության զրուցակիցը։

Նախկինում Զապորոժիեի ԱԷԿ-ը բազմիցս ենթարկվել էր հարձակման։ Ռուսաստանն ու Ուկրաինան  միմյանց են մեղադրում։

  • Կիսվել: