Լիբանանի նախագահը «Հեզբոլլահի» զինաթափումը հնարավոր է համարում միայն օկուպացիայի ավարտից հետո
Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող՝ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Վաշինգտոնում Լիբանանի դեսպանատան կազմակերպած ընթրիքին, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ մասնակցել են Կոնգրեսի մի շարք անդամներ և ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներ։
Լիբանանի նախագահն իր ելույթի ժամանակ ասել է. «Լիբանանը չի կարող անվտանգ կամ միասնական լինել, եթե այն միասնական պետություն չէ՝ միասնական բանակով, որը պաշտպանում է բոլոր լիբանանցիներին՝ առանց խտրականության»։
Նա անդրադարձել է նաև «Հեզբոլլահի» խնդրին: Ըստ Աունի՝ խմբավորման զինաթափումը հնարավոր է միայն մի քանի պայմանով՝ «օկուպացիայի» ավարտ (իսրայելական զորքերի դուրսբերում-խմբ.), տարածքների լիակատար վերահսկողության փոխանցում Լիբանանի բանակին և վերականգնման ծրագրի իրականացում, որը բացառապես կառավարելու է պետությունը։
Ընթրիքին ներկա դեսպան Նադա Մոավադն էլ նշել է, որ այս այցն արտացոլում է Բեյրութի հանձնառությունը՝ ամրապնդել Միացյալ Նահանգների և Լիբանանի միջև պատմական հարաբերությունները ու աշխատել իրականացնելու «լիբանանցի ժողովրդի ձգտումները»՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու անվտանգության հարցում։



