չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղի շրջափակման խստացումը մեծացնում է լարվածությունը Կովկասում. իսպանական ամենամեծ «Էլ Պաիս» թերթ

Լեռնային Ղարաբաղի շրջափակման խստացումը մեծացնում է լարվածությունը Կովկասում. իսպանական ամենամեծ «Էլ Պաիս» թերթ

Ադրբեջանի կողմից ավելի քան 100 օր շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղը պահանջում է բացել Հայաստանի հետ կապող միջանցքը։

Բաքուն պնդում է, որ վերահսկում է այս դարպասը, որն այժմ գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության ներքո:

Այս մասին գրել է իսպանական ամենամեծ թերթը՝ «Էլ Պաիս»-ը. «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է:

Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական զորքերը հատել են երկու տարի առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը դադարեցնելու համար համաձայնեցված շփման գիծը և զբաղեցրել ռազմավարական գագաթներ։ Նպատակն է գերիշխել մի ճանապարհի վրա, որով, ըստ Բաքվի, զենք է մատակարարվել հայկական այս անկլավին: Փոխարենը, ըստ տեղական իշխանությունների, այս լեռնային ճանապարհը դարձել էր վերջին ճանապարհը՝ շրջանցելու Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի 2022թ. դեկտեմբերի 12-ից սկսված շրջափակումը, երբ ենթադրյալ բնապահպանական ցուցարարները, անվտանգության ուժերի աջակցությամբ, կտրեցին Լաչինի միջանցքը, ճանապարհ, որը անկլավը կապում է Հայաստանի Հանրապետության հետ և կենսական նշանակություն ունի նրա գոյատևման համար։

Փորձագետները մտավախություն ունեն, որ այս քայլերը և վերջին մի քանի շաբաթների փոխհրաձգությունները (մարտի 5-ին սպանվեցին երեք ղարաբաղցի ոստիկան և երկու ադրբեջանցի զինվոր), ավելի մեծ բախումների նախերգանքն են: Անկլավի բնակչության շրջանում այս ռազմական գործողություններն արթնացնում են անցյալի ամենավատ հիշողություններ։ 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից մի քանի ամիս առաջ, ադրբեջանական զորքերը սկսեցին առաջխաղացում «Օղակ» օպերացիայի շրջանակներում՝ կասեցնելու Ղարաբաղյան շարժումը, որի նպատակն էր միանալ Հայաստանին (այն հանգեցրեց երեք տարուց ավել տևած պատերազմի, 20000-ից ավել զոհերի, որտեղ հաղթանակ տարան հայերը):

Բոլորովին վերջերս՝ 2020 թվականին, Ղարաբաղի համար նոր պատերազմն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով՝ վեց շաբաթ տևած մարտերից և ավելի քան 7000 զոհերից հետո։ Այս վերջին հակամարտությունն ավարտվեց Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ստորագրմամբ, ըստ որի՝ ռուսական զորախումբը պետք է երաշխավորի պայմանագրի կատարումը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Այնուամենայնիվ, թեև Մոսկվան քննադատել է Ադրբեջանի վերջին ռազմական առաջխաղացումը, ռուս զինվորականները դարձել են Ադրբեջանի գործողությունների լուռ վկաներ: Ադրբեջանում Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան

Զաուր Շիրիևը բացատրում է. «Ռուսական խաղաղապահ ուժերը տեխնիկական մանդատ չունեն։ Մոսկվան ճնշում է գործադրել Բաքվի վրա՝ ուժի կիրառման կանոններ սահմանելու համար, սակայն Բաքուն հրաժարվել է։ Այնպես որ ռուս զինվորականները չեն կարող գործել Ադրբեջանի դեմ, նրանց թույլ են տալիս պաշտպանվել միայն այն դեպքում, եթե հարձակման կենթարկվեն»:

«Խանութները դեռ դատարկ են» Հայկական անկլավի մայրաքաղաք Ստեփանակերտում ստիպված սովորել են բրինձ, մակարոնեղեն ու պահածո ուտել։ Եվ այդպես ամեն օր: Գարնան գալուստը նրանց սննդակարգին մի փոքր ավելի բազմազանություն է տվել, քանի որ որոշ վայրի խոտաբույսեր կարելի է գտնել, իսկ միրգ, բանջարեղեն և կանաչի՝ ոչ:

«Կարտոֆիլի մեկ կիլոգրամի համար պետք է վճարել 4500 դրամ (10,70 եվրո), այն դեպքում, երբ անցյալ տարի այն արժեր 1000 կամ 1500 դրամ։ Լոլիկը նույնպես արժե 4500 դրամ։ Մսի մասով կա միայն տեղական արտադրության խոզի և հավի միս, այն էլ՝ շատ թանկ։ Հարցը գինը չէ, դրա բացակայությունն է:. Խանութները դեռ դատարկ են, իսկ երբ ինչ-որ բան հայտնվում է, արագ վաճառվում է»,- բացատրում է Ստեփանակերտի բնակիչ Նոնա Պողոսյանը։

Անկլավում սննդամթերքի 90%-ը ներկրվում էր հարևան Հայաստանի Հանրապետությունից, շրջափակումն աննախադեպ աղետ է։ Մինչ շրջափակումը Լաչինի միջանցքով օրական մոտ 400 տոննա ապրանք էր տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ։ Բայց հիմա միայն մեկ տասներորդն է հասնում՝ այն, ինչ թույլ են տալիս տեղափոխել ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգաին կոմիտեի ուղեկցությամբ։ Իսկ գների խնդիրը սրվել է, քանի որ, ըստ «Նովայա գազետա»-ի հավաքած ցուցմունքների, ռուս զինվորները փորձում են օգտվել իրավիճակից՝ յուրաքանչյուր բեռնատարի դիմաց գանձելով «մի քանի հազար դոլար»։

Մեր տվյալներով՝ այս տիպի «որոշակի խնդիրներ» եղել են, բայց տեղի իշխանությունները փորձում են լուծում տալ դրանց «ռուս հրամանատարների հետ մեկտեղ»։ Հումքի և սննդամթերքի սակավությանը գումարվում է էլեկտրաէներգիայի խնդիրը։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները փաստում են, որ ադրբեջանցիները կտրել են էլեկտրաէներգիա մատակարարող բարձրավոլտ գիծը և հունվարի 9-ից իրենք կախված են տեղական սուղ արտադրությունից, ինչը ենթադրում է մատակարարման օրական 6-ժամյա կրճատումներ։ Պարբերաբար խափանվում է նաև Հայաստանից մատակարարվող միակ գազատարը։ Արդյունքում, Ղարաբաղի հայերը ստիպված են եղել սովորել մոմերով լուսավորել իրենց տները և տաքանալ վառարաններով՝ օգտագործելով իրենց անտառներից կտրած վառելափայտը։ Գործող տնտեսությունների մոտ մեկ հինգերորդը ստիպված փակվել է, իսկ հազարավոր աշխատողներ դարձել են գործազուրկ։ Ղարաբաղի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը դժգոհում է. «Նրանք խստացնում են շրջափակումը, և սրում մարդասիրական խնդիրները, որպեսզի ստիպեն մեզ հանձնվել»:

Բեգլարյանը վստահեցնում է, որ իրենց իշխանությունները պատրաստ են քննարկել հակամարտության «ռացիոնալ լուծումները», բայց նաև զգուշացնում է, որ հայերի յուրաքանչյուր զիջմանն ի պատասխան Ադրբեջանի կողմից հետևում են նոր պահանջներ, «որովհետև Ադրբեջանն իրեն անպատժելի է զգում» միջազգային ճնշման բացակայության պատճառով։

«Քանի որ մեզ կեղծ մեղադրանքներ են ներկայացնում զենքի ներկրման վերաբերյալ, մենք պատրաստ ենք եղել տեղադրել բոլոր մուտք գործող բեռնատարները սկանավորող սարքեր։ Նրանք դա չեն ընդունել։ Այն, ինչ նրանք հետապնդում են, էթնիկ զտում է»,- դատապարտում է Բեգլարյանը:

Խուլ են Արդարադատության միջազգային դատարանի որոշման հանդեպ Փետրվարի վերջին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջել էր անհապաղ բացել Լաչինի միջանցքը, մինչև դատարանը գործի վերաբերյալ վերջնական վճիռ կկայացնի։ Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը (իշխանության է 2003 թվականից) անտեսել է որոշումը։

«Մինչև Բաքվին չհաջողվի որոշակի հսկողություն սահմանել Լաչինի ճանապարհի վրա և ապահովի տեղի հայկական ուժերի ապառազմականացումը, թվում է, որ ճգնաժամը կշարունակվի»,- պնդում է Զաուր Շիրիևը։

Ըստ այս վերլուծաբանի՝ ուկրաինական պատերազմի արդյունքում Ադրբեջանը տեսել է Ռուսաստանի թուլությունը և փորձում է օգտվել դրանից՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողությունը վերականգնելու նպատակով։

Ադրբեջանի կառավարության՝ Ղարաբաղի տարածաշրջանի գծով խորհրդական Արազ Իմանովը անցյալ շաբաթ գրել էր. «Այն ամենը, ինչ գտնվում է մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, կարող է և պետք է վերահսկվի մեր կողմից։ [Լաչինի միջանցքում] անցակետի ստեղծումը միայն ժամանակի հարց է, և որքան շուտ այն հաստատվի, այնքան լավ»։

Սակայն հայերի համար Ադրբեջանի կողմից ցանկացած վերահսկողություն անընդունելի է։ Ղարաբաղի պետական նախարարի խորհրդական Բեգլարյանը պատասխանում է.

«Հաշվի առնելով հայերի նկատմամբ ադրբեջանական ռասիստական քաղաքականությունը՝ դա շատ վտանգավոր կլիներ մեզ համար։ Բացի այդ, 2020 թվականի հրադադարի փաստաթղթում նման բան չի նախատեսվում»։

Երկու կողմերի շփումները լավ չեն անցել, ուստի Ռուսաստանի և ԱՄՆ կառավարությունները գործի են դրել իրենց դիվանագետներին, և տարբեր մայրաքաղաքների միջև հեռախոսազրույցներ են տեղի ունեցել։ Սակայն հակամարտության լուծումը հեռու է թվում, ինչը, ըստ վերլուծաբան Շիրիևի, առաջացնում է «ռազմական էսկալացիայի բարձր ռիսկ»։

  • Կիսվել: