երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում

Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում

Orka գյուղատնտեսական արտադրողների կազմակերպության անդամ լեհ ֆերմերները հայտարարել են Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) շենքում հացադուլ սկսելու մասին։ Այս մասին հաղորդում է լեհական Interia լրատվական հարթակը։

«Մենք հացադուլ ենք սկսում և այն չենք դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ հետ չի հանդիպի վարչապետ Դոնալդ Տուսկը», - մեջբերում է լրատվական հարթակը հացադուլի կազմակերպիչների ղեկավար Մարիուշ Բորովյակի խոսքը։

Ըստ նրա՝ հացադուլի մասնակիցները, որոնք Վարշավա են եկել Լեհաստանի վարչապետի հետ հանդիպելու համար, միայն ջուր են խմելու։

Հացադուլի կազմակերպիչների ղեկավարը նաև քննադատել է Լեհաստանի գյուղատնտեսության փոխնախարար Միխալ Կոլոձեյչակին, որին հանձնարարված էր բանակցել ցուցարարների հետ՝ նշելով, որ նա լավ չի ներկայացնում ֆերմերների շահերը:

Մայիսի 13-ին Կոլոձեյչակը Polsat հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «ֆերմերների բողոքի ակցիաները մեծ մասամբ ավարտվել են, իսկ բողոքները, որոնք դեռ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում, կազմակերպվում են քաղաքական պատվերով»:

Լեհ ֆերմերները բողոքի զանգվածային ցույցեր են սկսել փետրվարի 9-ին։ Գյուղատնտեսական արտադրողները պահանջում  են սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից էժան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը և ուժեղացնել ազգային անասնաբուծությանն օժանդակումը։ Նրանք նաև անհամաձայնություն են հայտնում Եվրամիության «Կանաչ ուղեգիծ» ռազմավարությանը, որը կոչ է անում մինչև 2050 թվականը հասնել ածխածնի զրոյական արտանետումների:

Մայիսի 7-ին Կատովիցեում տեղի է ունեցել ֆերմերների զանգվածային բողոքի ցույց՝ քաղաքում անցկացվող XVI Եվրոպական տնտեսական համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Լեհաստանի վարչապետը:

  • Կիսվել: