Լատվիայի օդային տարածքում դարձյալ ԱԹՍ է երևացել
Լատվիայի օդային տարածքում դարձյալ անհայտ անօդաչու թռչող սարք է երևացել: Այն ընկել է լիճը և պայթել:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ լիճը, ուր ընկել է դրոնը, գտնվում է Բելառուսի հետ սահմանից մոտ 30-40 կմ հեռավորության վրա, իսկ Ռուսաստանի հետ՝ 70-80 կմ հեռավորության վրա: Լատվիայի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի բեկորները: Դրոնի պատկանելությունը չի նշվում:
Ինչպես հայտնել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան՝ ինքը կապի մեջ է համապատասխան ծառայությունների հետ, որոնք աշխատում են լճի տարածքում: Նա բնակիչներին կոչ է արել հետևել պաշտոնական տեղեկատվությանը:
Նշենք, որ մայիսին անօդաչուների հետ կապված միջադեպերը Լատվիայի, ինչպես նաև մերձբալթյան մյուս երկրների տարածքում հաճախակի են դարձել: Վերջին անգամ երկրի զինված ուժերը հայտնել էին մայիսի 21-ին Լատվիայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքի հայտնաբերման մասին:



