ԿԺԴՀ-ն կշարունակի մնալ միջուկային պետություն. պաշտոնական Փհենյան
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ապամիջուկայնացման հարցը փակված է, և երկիրը կշարունակի մնալ միջուկային պետություն։ Այս մասին հայտնել է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA)։
Նշվում է, որ Կորեայի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը պատասխան է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վերջին գործողություններին։
Մասնավորապես՝ Փհենյանում նշել են, որ Վաշինգտոնը, Տոկիոն և Սեուլը համակարգված կերպով միջուկային սպառնալիքների հռետորաբանություն են կիրառում ԿԺԴՀ-ի նկատմամբ։ Այդ պատճառով ԱԳՆ-ն միջուկային զինաթափման վերաբերյալ ցանկացած քննարկում անվանել է «անիմաստ և դատարկ մոլորություն»։
ԱԳՆ-ն նաև դատապարտել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի «միջուկային հակամարտությանն ուղղված կոլեկտիվ սադրանքները», ինչպես նաև արևմտյան երկրների «ոչ մաքուր մտադրությունները», որոնք, ըստ Փհենյանի, փորձում են ինքնիշխան պետություններին պարտադրել իրենց սահմանադրություններին հակասող քայլեր։
«ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան որքան էլ վիճեն, երբեք չեն կարող փոխել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ներկայիս կարգավիճակը որպես միջուկային տերություն։ Ոչ ոք չի կարող վերադարձնել ապամիջուկայնացումը, որը ժամանակի հոսքի մեջ անդառնալիորեն կորցվել է»,- ասված է հայտարարության մեջ։
Փհենյանն ընդգծել է, որ սեփական «միջուկային վահանի» ստեղծումը օրինական և անհրաժեշտ քայլ է արտաքին սպառնալիքները զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար։
ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ ԿԺԴՀ-ի միջուկային ներուժի ընդլայնման գործընթացն անշրջելի է և հանդիսանում է ազգային անվտանգության ու խաղաղության պահպանման հուսալի երաշխիք։



