երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կոնգրեսականները կոչ են արել Բայդենին վերջ տալ Ամերիկայի լռությանն Արցախի դեմ Բաքվի եւ Անկարայի ագրեսիայի կապակցությամբ

Կոնգրեսականները կոչ են արել Բայդենին վերջ տալ Ամերիկայի լռությանն Արցախի դեմ Բաքվի եւ Անկարայի ագրեսիայի կապակցությամբ

Կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը եւ Ադամ Շիֆը նախագահ Ջո Բայդենին կոչ են արել վերջ տալ Ամերիկայի լռությանն Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի կապակցությամբ եւ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին: Այս մասին փոխանցում է NEWS.am-ը:

«Տարիների լարվածությունից, տարածաշրջանի կարգավիճակի շուրջ պարբերաբար տեղի ունեցող բռնության եւ Ադրբեջանի կառավարության կողմից ռազմական ուժի եւ էթնիկական զտումների կիրառման հաճախակի սպառնալիքներից հետո Ադրբեջանը կործանարար հետեւանքներով լայնածավալ հարձակում սկսեց Թուրքիայի օգնությամբ: Վեցշաբաթյա դաժան պատերազմի ընթացքում ժամանակակից անօդաչու թռչող սարքերն օդից ուղղվում էին հայ զինվորների վրա, Թուրքիայի կողմից ուղարկված վարձկաններն ամրացնում էին Ադրբեջանի ցամաքային ուժերը: Հրադադարի պահպանման երեք միջազգային համաձայնագրերի խախտումից հետո ադրբեջանական ուժերը մոտեցան Ստեփանակերտին` նախքան Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը վերջ կդներ ռազմական գործողություններին»,- ասվում է կոնգրեսականների` San Francisco Chronicle-ում հրապարակված հոդվածում:
 
«Ցավոք, այս կործանարար արդյունքին հանգելու ընթացքում Միացյալ Նահանգները միայն կիսատ եւ անարդյունավետ ջանքեր գործադրեցին մարտերը դադարեցնելու համար եւ գլխավոր դերակատարությունը զիջեցին այլ առաջնորդներին: Այժմ Բայդենի վարչակազմը պետք է շտկի այս աղետալի արդյունքը»,- ասել են Սփեյերն ու Շիֆը:
 
«Բայդենը հասկացրել է, որ կենտրոնանալու է Միացյալ Նահանգների` որպես ամբողջ աշխարհում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ուժի վերականգնման վրա: Այս հակամարտությունը եւ դրա հետեւանքները հենց դա անելու հնարավորություն են տալիս: Այն ժողովրդավարական Հայաստանը եւ Արցախը հակադրում է Բաքվի եւ Անկարայի ավտոկրատական ​​ռեժիմներին, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները, բանտ են նետում լրագրողներին եւ այլախոհներին, ճնշում են այլակարծությունը: Մենք պետք է առաջնորդվենք մեր արժեքներով` արտաքին քաղաքականությունը հավերժացնելու փոխարեն, որն այլ կողմ է նայում, քանի որ Ադրբեջանը ներխուժում է իր հարեւանների տարածք եւ մարդու իրավունքների խախտումներ է իրականացնում երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս»,- հավելել են նրանք:
 
Երկու օրենսդիրներն ընդհանուր ուրվագծել են, թե ինչ պետք է անի ԱՄՆ-ն Հայաստանում եւ Արցախում` վկայակոչելով հրատապ անհրաժեշտությունը, որպեսզի ԱՄՆ-ն կրկին հայտարարի իր մասին դիվանագիտության միջոցով:
 
«ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում ներառված են ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, ստեղծվել է 1992-ին` որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիվանագիտական ​​կարգավորման ֆորում: Մենք պետք է վերաակտիվացնենք եւ վերսկսենք Մինսկի խմբի գործընթացը եւ օգտվենք հնարավորությունից` Ադրբեջանի կողմից դեռ պահվող ավելի քան 150 հայ ռազմագերիների ազատ արձակումն ապահովելու, Լեռնային Ղարաբաղի պատմական քրիստոնեական եկեղեցիների եւ մշակութային վայրերի պաշտպանությունը պահանջելու եւ Հայաստանի խաղաղ բնակիչների եւ զինվորների դեմ ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար: Մենք պետք է նաեւ լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրենք տասնյակ հազարավոր տեղահանված մարդկանց, ովքեր փախուստի են դիմել` վախենալով իրենց կյանքի համար»,- ասել են Սփեյերը եւ Շիֆը:
 
«Երկրորդ, մենք պետք է վերջ տանք մեր լռությանն Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածաշրջանային ագրեսիայի կապակցությամբ եւ դադարեցնենք ռազմական օգնությունն Ադրբեջանին, որը վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան 100 միլիոն դոլար է կազմել»:
 
«Մենք նաեւ պետք է վերագնահատենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնք միշտ էլ բարդ են եղել, բայց ավելի ու ավելի անհնար են դարձել, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է ավտոկրատ՝ խարխլելով ԱՄՆ շահերը: Լեռնային Ղարաբաղում պատերազմելու համար Սիրիայի վարձկաններին խրախուսելուց, զինելուց ու մատակարարելուց բացի, Թուրքիայի գործողությունները Սիրիայում մի կողմ են հրել ԱՄՆ-ի շահերը եւ սպառնալիքի տակ դրել մեր ուժերը: Թուրքիան վերջերս փորձարկել է ռուսական նոր զենիթային համակարգ, որը կարող էր թուլացնել ՆԱՏՕ-ի ռազմական առավելությունը Ռուսաստանի նկատմամբ՝ չնայած մեր վճռական առարկություններին եւ պատժամիջոցների սպառնալիքին»:
 
Շփայերը եւ Շիֆը հիշեցրել են նաեւ 2019թ. Կոնգրեսի ճնշող մեծամասնության կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ հայտարարել են, որ «Բայդենը կարող է վճռականորեն եւ որքան հնարավոր է արագ աջակցել մարդու իրավունքներին՝ այս տարվա ապրիլին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»:
 
«Հայոց ցեղասպանության վերքերը երբեք չեն բուժվում, բայց դրանք հատկապես ցավոտ են այն ժամանակ, երբ հայերը կրկին բախվում են էթնիկ զտումների սպառնալիքին, քանի որ եւ՛ Էրդողանը, եւ՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկնում են մեկ դար առաջվա վաղեմություն ունեցող ցեղասպանության լեզուն: (ԱՄՆ) Նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պարզ կհասկացնի, որ Ամերիկան կողմ է մարդու իրավունքներին եւ դեմ է ժխտմանը: Քանի որ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ազատության արժեքները ավելի ու ավելի հաճախ են հարձակման ենթարկվում ավտոկրատների կողմից, Ամերիկայի առաջնորդությունն անհրաժեշտ է ավելի քան երբեւէ: Մեր դաշնակիցներն ու հակառակորդները ուշադիր հետեւում են»,- եզրափակել են կոնգրեսականները:
 

  • Կիսվել: